Ռուսաստանն ակտիվացնում է կապերը Հյուսիսային Կորեայի հետ երկրում արկերի դեֆիցիտի պատճառով. ISW
Ռուսաստանն ակտիվացնում է համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ արտասահմանում հրետանային արկերի գնման ջանքերի շրջանակում, քանի որ երկրում դրանց պակաս է զգացվում, գրել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ առաջիկայում Հյուսիսային Կորեա այցելելու պատրաստակամություն է հայտնել։
Պուտինը վերջին անգամ պաշտոնական այցով Փհենյանում է եղել 2000թ., եւ երկկողմ հարաբերությունների խորացման հետաքրքրությունը հավանաբար կապված է զինամթերքների գնման հետ, նշել են փորձագետները։
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին անցած շաբաթ տեղեկացրել էր, որ անցած տարվա սեպտեմբեր-նոյեմբերին Հյուսիսային Կորեան Ռուսաստան է մատակարարել միլիոն հրետանայկն արկ։ Նույն թիվը նշել է հարավկորեական հետախուզությունը։
«Մեր գնահատականներով՝ խոսքը մոտ 1 մլն հրետանային զինամթերքի մասին է, որոնք մատակարարվել են ՌԴ։ Սա հենց այն պակասն է, որն ունի Մոսկվան եւ չի կարող ծածկել իր սեփական արտադրությամբ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանական արդյունաբերությունը կարող է արտադրել ընդհանուր առմամբ 2 մլն արկ (122 եւ 152 միլիմետր տրամաչափի)։ Չնայած 2023թ. արտասահմանում իրականացրած գնումներին՝ Ռուսաստանին չի բավականացնում 500 հազար արկ, սպասվում է, որ այս տարի դեֆիցիտը կպահպանվի, ասել է նա։
Ռուսաստանի իշխանությունները հերքում են, որ զինամթերքներ են գնում Հյուսիսային Կորեայից։
