Հանքային ջուրը կարող է վնասակար լինել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում․ բժիշկ
Չնայած հանքային ջուրը համարվում է շատ օգտակար, այնուամենայնիվ այն ոչ բոլորի համար է անվնաս, ուստի խորհուրդ չի տրվում չարաշահել։ Այս մասին Gazeta.ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ Եկատերինա Դեմյանովսկայան։
Նրա խոսքով, հանքային ջուրն ինքնին դեղամիջոց չէ, բայց ունի բուժիչ ազդեցություն՝ կախված իր բաղադրությունից։ Շատ հաճախ այս ըմպելիքն օգտագործվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների՝ գաստրիտի, էնտերոկոլիտի, լեղուղիների ախտաբանությունների դեպքում, քանի որ այն պարունակում է երկաթ, կալցիում, նատրիում, մագնեզիում և այլ տարրեր։ Ըստ որոշ տվյալների՝ հանքային ջուրն օգտակար է նրանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ և ում մոտ ախտորոշվել է զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ ու արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ։
Ինչպես նախազգուշացրել է բժիշկը, հանքային ջուրը չի կարելի խմել հասարակ ջրի կամ գազավորված ջրի փոխարեն։ Բանն այն է, որ այն օժտված է կենսաբանական ակտիվությամբ և պետք է օգտագործվի միայն չափավոր, իսկ ավելի ճիշտ կլինի՝ բժշկի նշանակմամբ։ Ընդ որում՝ հատկապես ուշադիր պետք է լինեն երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդիկ։
«Հանքային ջրում որոշ հանքանյութերի, օրինակ՝ նատրիումի, ավելցուկը կարող է բացասաբար ազդել երիկամների գործառույթների վրա: Երիկամային սուր կամ քրոնիկ անբավարարության դեպքում խորհուրդ է տրվում ժամանակավորապես հրաժարվել նման ջրի գործածությունից կամ գոնե քննարկել դա բժշկի հետ», – նշել է Դեմյանովսկայան:
Առողջական խնդիրներից խուսափելու համար հարկ է հիշել, որ գոյություն ունեն մի շարք կանոններ, որոց հարկավոր է հետևել հանքային ջուր օգտագործելիս։ Առաջին հերթին հարկավոր է ընտրել բարձրորակ ըմպելիք։ Լավ հանքային ջրի պիտակի վրա նշվում է ջրի տեսակը (սեղան, բուժիչ կամ բուժիչ-սեղանի): Սեղանի հանքային ջուրը կարելի է խմել առանց սահմանափակումների, իսկ բուժիչն ու բուժիչ-սեղանի հանքային ջուրը՝ միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, ով կասի օգտագործման եղանակը և քանակը։
