Ինչպես է ամորձիներից մեկի կամ երկուսի հեռացումն անդրադառնում տղամարդու սեռական կյանքի ու առողջության վրա․ պարզաբանում է մասնագետը

Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է ամբորձիների հեռացման հետևանքներին և պատասխանել ամենատարածված հարցերին։

Ըստ մասնագետի, եթե երիտասարդ տղամարդու ամորձիներից մեկը (կամ վատագույն դեպքում երկուսն էլ) հեռացված է քաղցկեղի պատճառով, ապա շատերի մոտ հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք հետագայում դա ազդել նրա սեռական կյանքի վրա կամ առաջացնել անպտղություն և հնարավո՞ր է, որ նա ունենա միայն մեկ սեռի երեխա:

«Ամորձիների երկու կարևորագույն գործառույթներն են սպերմատոգենեզը (սերմնաբջիջների առաջացում) և արական սեռական հորմոնի (տեստոստերոնի) արտադրությունը: Սեռական ֆունկցիան (մասնավորապես՝ էրեկցիան) անոթային-ռեֆլեկտոր գործընթաց է և դրա ֆունկցիոնալ հաստատումից հետո, այսինքն ռեգուլյար սեռական կյանքից հետո, ունենում է ստերեոտիպային բնույթ և քիչ է ենթակա ամորձիների տեստոստերոնի ազդեցությանը, ավելին՝ այդ պակասը որոշակիորեն փոխարինում է մյուս ամորձին կամ մակերիկամները:

Ամորձիներից մեկի կամ նույնիսկ երկուսի հեռացումը սեռահասուն տարիքից հետո, երբ արդեն հաստատված և ամրապնդված է սեռական կյանքը, չի ազդում սեռական կյանքի վրա, սակայն սերմի բեղունության առումով հնարավոր է ազդեցություն ունենա: Ուստի դրա համար պետք է կատարվի սերմնահեղուկի հետազոտություն և անհրաժեշտության դեպքում՝ բուժում: Մեկ ամորձու առկայություն չի սահմանափակում երկու սեռի երեխա ունենալը», – գրել է մասնագետը:

Share This