Կիմ Չեն Ինը հայտարարել է Վաշինգտոնն ու Սեուլը ոչնչացնելու պատրաստակամության մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ընտրեն ԿԺԴՀ-ի դեմ ռազմական առճակատման ուղին, իր երկիրը «առանց փոքր-ինչ վարանելու ջախջախիչ հարված կհասցնի և կոչնչացնի թշնամու մայրաքաղաքները»՝ օգտագործելով իր ամբողջ զինանոցը։
ԿԺԴՀ առաջնորդն այս մասին ասել է Կորեայի ժողովրդական բանակի հրամանատարների հետ ամանորյա հանդիպման ժամանակ, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
«Ընկեր Կիմ Չեն Ընն ասաց, որ եթե հակառակորդներն ընտրեն ռազմական առճակատումը, ապա պետք է առանց վարանելու ջախջախիչ հարված հասցնել և իսպառ ոչնչացնել թշնամու մայրաքաղաքն ու ռազմական գանգստերների բանդան՝ օգտագործելով գերհզոր միջոցների ողջ զինանոցը»,- հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
ԿԺԴՀ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2024 թվականը կլինի «պատերազմի նախապատրաստության ուժեղացման ծաղկման շրջանը»։
