Աղիների միկրոբիոմը ազդում է սոցիոֆոբիայի առաջացման վրա.

Կորկի համալսարանական քոլեջի (Իռլանդիա) հետազոտական խումբը պարզել է, որ աղիների միկրոբիոմը ազդում է իմունիտետի վիճակի եւ ուղեղի որոշ հատվածներում օկսիտոցինի արտադրման վրա, դա իր հերթին կարող է առաջացնել սոցիալական տագնապային խանգարում։ Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։

Սոցիալական տագնապային խանգարումը կամ սոցիոֆոբիան բնորոշվում է վախով, որը մարդու մոտ առաջանում է սոցիալական իրավիճակում ներգրավվելու պայմանի կամ սպառնալիքի դեպքում։ Սոցիալական շփումներին մասնակցության անհրաժեշտությունը առաջ է բերում զգալի սթրես, ինչը բարդացնում է մարդու առօրյա կյանքը։ Նման հիվանդության բուժումը չափազանց դժվար է. հաճախ դեղորայքային բուժումը եւ թերապիան արդյունք չեն տալիս, ուստի գիտնականները փնտրում են մարդու վիճակի վրա ազդելու նոր ուղիներ։

Գիտնականներին վաղուց հայտնի է, որ աղիների միկրոբիոմը ազդում է մարդու հուզական վիճակի վրա եւ կարող է դեպրեսիա առաջացնել։ Աշխատանքի հեղինակները ենթադրել են, որ այդ մեխանիզմը կարող է տեղի ունենալ նաեւ սոցիոֆոբիայի ժամանակ։

Ավելի վաղ պարզվել էր, որ սոցիոֆոբների եւ առողջ մարդկանց աղիների միկրոբիոմի բաղադրությունը տարբերվում է։ Նոր աշխատանքում հեղինակները կատարել են վեց առողջ մարդու եւ վեց խանգարում ունեցողի կղանքի նմուշների փոխպատվաստում 12 մկների, որոնց միկրոբիոմը հյուծված էր հակաբիոտիկներից։ Այն կրծողների մոտ, որոնց բաժին են ընկել սոցիոֆոբների նմուշները, ընդհանուր տագնապայնությունը չի բարձրացել, բայց ավելացել է սոցիալական ներգործության հետ կապված տագնապայնությունը։

Հեղինակների խոսքով՝ հետազոտության վերջում մկների աղիների միկրոբիոմի ուսումնասիրությունը ցույց է տվել զգալի տարբերություններ, հատկապես Bacteroides nordii, Bacteroides cellulosiyticus եւ Phocaeicola massiliensi մանրէների քանակության մեջ։ Հեղինակները կշարունակեն հետազոտել թեման. ապագայում միկրոբիոմ-ուղեղ առանցքը կարող է լինել թերապեւտիկ միջամտության թիրախը սոցիոֆոբիայի բուժման ժամանակ։

Share This