Որոնք են բերանի խոռոչի քաղցկեղի զարգացմանը նպաստող հիմնական գործոններն ու խնդրի ախտանշանները
Բերանի խոռոչի քաղցկեղն այս հիվանդության ամենատարածված տեսակներից մեկը չէ, սակայն այնուամենայնիվ մարդիկ հաճախ անուշադրության են մատնում դրա ախտանշաններն, ինչի հետևանքով հիվանդությունը խորանում է և տարածվում՝ ախտահարելով նաև այլ օրգաններն ու հյուսվածքները:
Մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունը կարելի է հեշտությամբ բուժել վաղ փուլերում հայտնաբերելու և բուժումը ժամանակն սկսելու դեպքում, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ ոչ միշտ են հասկանում օրգանիզմի տված հուշումներն ու վտանգավոր ախտանշանները վերագրում են այլ հիվանդություններին:
Շլեսվիգ Հոլշթայնի Համալսարանական կլինիկայի վիրաբույժ Յորգ Վիլթֆանգի խոսքով՝ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացմանը նպաստող ամենավտանգավոր գործոններն են ալկոհոլի ու ծխախոտի գործածությունը, սակայն երբեմն այս հիվանդությունն ախտորոշվում է անգամ երբևէ չծխած ու ալկոհոլային ըմպելիքներ չօգտագործած մարդկանց մոտ: Օնկոլոգիական այս հիվանդության զարգացմանը նպաստող այլ գործոնների շարքին են դասվում բերանի խոռոչի վատ հիգիենան, սննդակարգում անհրաժեշտ վիտամինների դեֆիցիտը, լորձաթաղանթի մեխանիկական վնասվածքները, գենետիկական նախատրամադրվածությունը, ինչպես նաև վիրուսային ու սնկային վարակները:
Բերանի խոռոչի քաղցկեղը սովորաբար չի առաջացնում շատ տհաճ ու ակնհայտ ախտանշաններ, ուստի հիվանդները ոչ միշտ են դիմում մասնագետին և հիվանդությունը չափազանց ուշ է հայտնաբերվում, ինչը զգալիորեն նվազեցնում է բարեհաջող բուժման հավանականությունը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են զգոն լինել ու չանտեսել արտասովոր ախտանշանները, անգամ եթե դրանք վտանգավոր չեն թվում:
Քաղցկեղի այս տեսակի մասին հուշող գլխավոր ախտանշանների շարքին են դասվում լորձաթղանթներին, շութերին, լեզվին, այտերին (ներքին հատվածում), քիմքին ու բերանի անկյուններում առաջացած սպիտակ վահանիկները, որոնք էլ ավելի վտանգավոր են դառնում, երբ թեփոտվում են և դրսևորվում սննդի ընդունման ժամանակ առաջացող այրոցով, ձգվածության զգացողությամբ ու ցավոտ զգացողություններով:
Բացի այդ, վտանգավոր ախտանշանների շարքին են դասվում նաև արյունահոսող կարմիր բծերը, չապաքինվող վերքերը, քրոնիկ այտուցներն ու բերանի խոռոչի լորձաթաղանթի այլ խանգարումները: Քաղցկեղի զարգացման ավելի ուշ փուլերի մասին կարող են հուշել ակնհայտ մեծ այտուցները, պարանոցի այտուցվածությունը, բաց ու մուգ բծերը, արյունահոսությունը, ատամների կորուստը, սննդի ընդունման հետ կապված խնդիրները, առատ թքարտադրությունն ու լեզվի շարժումների կաշկանդվածությունը:
Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել, քանի որ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը:
Նյութի աղբյուրը՝ actualnews.org
