Հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Այն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացվող աշխատանքները. «Կրթության ռազմավարությամբ բարձրագույն կրթության որակի բարելավումն ու մրցունակության բարձրացումը մեր կարևորագույն թիրախներից են: Բուհում իրականացված աշխատանքը մի կողմից միջավայրի բարելավում է, իսկ մյուս կողմից՝ ուղիղ կապ ունի բովանդակության հետ: Ամեն կերպ աջակցելու ենք համալսարանի զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ տեխնոլոգիական կլաստերն ակադեմիական քաղաքի շրջանակում նախատեսվող կարևոր ծրագրերից է: Կարծում եմ՝ Պոլիտեխնիկական համալսարանի ներուժն այնտեղ մեծ չափով պետք է օգտագործվի»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը:
