Իրենց ամբողջ վաշտը զոհվել է, միայն մեկն է փրկվել
Հոկտեմբերի 9-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում զոհված, Ազատան գյուղի անմահ հերոսներ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ և ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ հիշատակի օրն է։ Iravunk. com-ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Ախուրյան համայնքի, Ազատան գյուղի հերոսների պանթեոն այցելեցին հերոսների հարազատներ, համագյուղացիներ, Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը, «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գրքի հեղինակ, Գյումրեցի Գագիկ Վարդանյանը։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։ Ազատանի հոգևոր հովիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանը աղոթք հղեց առ Աստված։ Անմահ հերոս ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԸ, ծնվել է 2001 թվականի օգոստոսի 19-ին Ազատան գյուղում։ 2019֊ի դեկտեմբերին էր զորակոչվել բանակ։ Ծառայում էր Մեղրիի զորամասում։ Պատերազմի հենց սկզբից տեղափոխել են Ջաբրայիլ, ապա Իշխանաձոր: Իրենց ամբողջ վաշտը զոհվել է, միայն մեկն է փրկվել։
Հերոսի մայրը տիկին ԱԼՄԱՍՏԸ, Iravunk. com – ի հետ զրույցում նշեց. «Սկզբում չէր ասել, որ Ջաբրայիլում է, հետո իմացա։ Ասաց, հոկտեմբերի 4֊ին իրեն տեղափոխել են Ջաբրայիլ։ Ամսի 6֊ն էր, զանգեց խաբեց, թե Մեղրի է գնացել, իրենց տեղը շատ լավն էր։ Վերջին անգամ հոկտեմբերի 9֊ին եմ խոսել ու դրանից ժամեր անց դեպքը տեղի է ունեցել։ Բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր, շատ աշխատասեր էր, ասում էր բանակից կգամ, գյուղի սկզբնամասում տուն եմ կառուցելու, որ բոլորն իմանան դա իմ տունն է»։
Մյուս անմահ հերոս ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԸ, ծնվել է 2001 թվականի փետրվարի 10֊ին Ազատանում։ Հերոսի եղբայրը ՎԱՐԴԳԵՍԸ, մեզ հետ զրույցում նշեց. «Եղբայրս միշտ ասում էր, որ Արցախում է ծառայելու ու այդպես էլ եղավ, 2019 ֊ի հուլիսի 9֊ից ծառայության է անցել «Արա լեռ» զորամասում, պատերազմի առաջին օրվանից սկսած, եղել է ամենախոցելի վայրերում։ Նա առանց վարանելու կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքներն ու իր «գրադ» տեսակի հրետանիով կարողացել է մեծաքանակ կորուստներ պատճառել նենգ թշնամուն։ Նրան նույնիսկ հետ չի պահել իր հրետանու անսարք վիճակը, ժամանակին ճիշտ կողմնորոշվելով, կարողացել է արագ վերանորոգել ու նորից անցնել մարտական գործողությունների կատարմանը։ Ամեն օր զանգում էր ու բոլորից հարցնում, ասում էր հո մեր մոտից մարդ չի եկել, թող ոչ մեկն չգա, ես կկռվեմ բոլորի փոխարեն։ Եվ այո, նա կռվեց մեր բոլորի փոխարեն, չխնայելով ոչինչ։ Հայրենասիրությունը իր հոգու մեջ էր, երբեք չէր խոսում այդ մասին, սակայն կռվով ցույց տվեց»։
Անմահ հերոս Գևորգ Հունոյի ընտանիքում մի նոր լույս է բացվել, վերջերս ծնվել է նրա եղբոր Վարդգեսի որդին, նորածնին ի պատիվ անմահ հերոս հորեղբոր Գևորգ անունն են տվել։
Հավերժ փառք ու խոնարհում մեր բոլոր անմահ հերոսներին…
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ





