Երկու ավտոբուս հիվանդ էին ու մենք․ ճանապարհին մեկը մահացավ՝ աղջկա ձեռքերի մեջ․․․ վկայություններ՝ բռնագաղթից
Հինգ անչափահաս երեխաների հետ՝ որից երկուսը հաշմանդամ, տիկին Ռուզաննան Ստեփանակերտից Երևան է հասել հրաշքով։
«Որ կռիվը սկսվեց, թուրքերը լցվեցին մեր թաղը։ Մեր տունը 9-րդ դպրոցի մոտ է։ Մի կերպ երեխեքին իջեցրել եմ դպրոցի նկուղ։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ դժոխային օրեր ենք անցկացրել էդտեղ ու չգիտեի, որ դեռ ամենասարսափելին առջևում է։ Որ թուրքերը մոտեցան դպրոցին, չէի կարողանում երեխեքին հանել, ճարահատյալ գրեցի Ֆեյսբուքում, որ օգնեք երեխեքիս հանեմ։ Անմիջապես տարածեցին, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մեքենա ուղարկեց մեր հետևից, դուրս եկանք։ Էնտեղից էլ գնացինք ուղիղ «Վալեքս» հյուրանոցի նկուղ։ Նկուղից էլ մեքենայով տարել են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, որ հիվանդների հետ շտապօգնության մեքենայով գանք։ Երկու ավտոբուս հիվանդ էին, մենք էլ իրենց հետ։ Դիմացից շտապօգության մեքենան էր գնում, հետևից՝ ավտոբուսները։ Թե ինչ վիճակում էինք ամբողջ ճանապարհին, նկարագրելու չի։ Չհասած Գորիս, մի պապիկ մահացավ՝ աղջկա ձեռքերի մեջ․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է Արցախից՝ հայրենի հողից ու տնից բռնի տեղահանված տիկին Ռուզաննան ու ավելացնում՝ մինչև հիմա վախը սրտիցս դուրս չի գալիս, անդադար աղոթում էի, որ երեխեքիս կարողանամ փրկել, թուրքի ձեռքը չընկնեն․․․
5 երեխաների հետ մայրը հիմա Երևանի «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում է․ չգիտի, թե այդտեղից ուր է գնալու․ տուն չեն գտել միչև հիմա․
«Քանի որ թուրքերը լցվել էին մեր թաղը, չենք կարողացել հետ գնալ ու տնից որևէ բան վերցնել։ Որ հասանք Գորիս, ահագին կանգնեցինք, հետո բժիշկ եկավ, սառել էին երեխաները։ Այդտեղ հագուստ էլ, սնունդ էլ տվեցին։ Իմ գլխավոր մտահոգությունը տունն է հիմա։ Առաջնահերթ տուն պետք է գտնենք, որ երեխաներս շարունակեն ուսումը, ամուսինս աշխատանք գտնի․ ինքը զինվորական էր, հիմա էլ հաճույքով այդ գործը կշարունակի, բայց այդ ամենից առաջ տանիք է պետք։ Ինչքան փնտրել ենք, տուն չկա, այնքան թանկ են ասում վարձը, որ անհնար է վարձելը»,-ասում է զրուցակիցս։
11 և 8 տարեկան Բաթին ու Վալերիին մշտական խնամք է անհրաժեշտ, ուստի տիկին Ռուզաննան չի կարողանում աշխատել։ Փոքրը դեռ երեք տարեկան է, և ինքը նույնպես ունի խնամքի կարիք։
Դժոխքը տեսնելուց հետո ամեն դժվարություն հաղթահարելի է թվում արդեն։ Բազմազավակ մայրն ինքն իրեն մխիթարում է՝ բարեբախտաբար, երեխաներս ողջ են, քանի-քանի ընտանիքներ ոչ միայն տուն ու տեղը, Արցախը, այլև հարազատներ են կորցրել․․․․
«Եթե Գեղամը (նկատի ունի Արցախի ՄԻՊ-ին,-խմբ․) օգնած չլիներ, մենք դեռ էնտեղ կլինեինք երևի․․․ Էնքան եմ օրհնել նրան։ Մեզ փրկել է ուղղակի»,-շշնջում է տիկին Ռուզաննան ու հավելում՝ առանց չափազանցության՝ դժոխքի միջով ենք անցել․․․
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։ Արցախի ՊԲ-ն կատաղի դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ պատճառելով զգալի այդ թվում մարդկային կորուստներ։ Այդուհանդերձ, Արցախի իշխանությունն ստիպված եղավ ընկրկել ու ընդունել կրակի դադարեցման ադրբեջանական պայմանը, քանի որ Հայաստանից չգնաց որեւէ օգնություն, ավելին՝ շրջափակման մեջ գտնվող Արցախից խաղաղ բնակիչներին տարհանել ուղղակի հնարավոր չէր։
Արցախի ՊԲ-ն հանձնեց զենքը, լուծարվեց, իսկ քաղաքացիներն էլ հաշված օրերի ընթացքում տեղահանվեցին ու Արցախը հայաթափվեց։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Արցախից գաղթել է ավելի քան 100 հազար հայ։ Միջազգային հանրություն կոչվածը ոչինչ չարեց՝ նոր ցեղասպանությունը կանխելու համար։
