Սննդամթերքի լավագույն տեսակները նյարդային համակարգի ամրապնդման համար
Ժամանակակից կյանքի լարված ռիթմը, տարատեսակ սթրեսները, լարվածությունն ու անհանգստությունները խիստ բացասաբար են անդրադառնում մարդու նյարդային համակարգի վրա, ինչն էլ ի վերջո կարող է հանգեցնել շատ լուրջ խնդիրների զարգացման։ Նման խնդիրներից խուսափելու և սթրեսակայունությունը բարձրացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ամրապնդել նյարդային համակարգը, ինչի համար էլ անհրաժեշտ է առաջին հերթին ուշադրություն դարձնել սննդակարգին։
Բժիշկների խոսքով՝ նյարդային համակարգի առողջության ամրապնդման համար հարկավոր է սննդակարգը հարստացնել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, վիտամիններ, օգտակար ճարպեր ու հանքանյութեր պարունակող մթերքով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։ Ստորև ներկայացված մթերքի հաճախակի գործածությունը կօգնի ամրապնդել նյարդային համակարգն ու ավելի լավ դիմակայել սթրեսներին։
Ավոկադո
Այս յուրահատուկ միրգը հարուստ է ֆոլաթթվով ու վիտամին К-ով, որոնք ամրապնդում են կենտրոնական նյարդային համակարգը՝ դրանով իսկ նվազեցնելով գլխուղեղի կաթվածի հավանականությունն ու բարելավելով կոգնիտիվ գործառույթները։
Բրոկոլի
Կաղամբի այս տեսակն անչափ օգտակար է նյարդային համակարգի համար, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող մեծ քանակությամբ վիտամին К-ով ու խոլինով։ Նման բաղադրության շնորհիվ այն նաև կանխում է կոգնիտիվ գործառույթների վատթարացումը, ուստի սննդակարգում բրոկոլի ներառելը կարող է շատ օգտակար լինել։
Ընկույզներ
Մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ մագնեզիում պարունակող նուշով, քեշյուով (հնդկական ընկույզ), պնդուկով ու հունական ընկույզով, ինչպես նաև բրազիլական ընկույզով, որը հարուստ է սելենով։ Այս սննդակար նյութերն անչափ օգտակար են օրգանիզմի համար և օգնում են հանգստացնել նյարդային համակարգը։
Վարսակ
Օրական մի բաժին վարսակով շիլա ուտելը ևս շատ օգտակար կլինի կենտրոնական նյարդային համակարգի կայունության պահպանման համար։ Ավելին՝ այս պարզ ու հասանելի մթերքն առհասարակ շատ օգտակար է առողջության համար, ուստի այն ամենօրյա սննդակարգում ներառելը կարող է արդյունավետ լինել մի շարք տհաճ խնդիրներից ազատվելու համար։
Կանաչ թեյ
Այս տարածված ըմպելիքի մեջ պարունակվող հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներն անչափ օգտակար են նյարդային համակարգի համար։ Խոսքը կատեխինների մասին է, որոնք կանխում են սթրեսով պայմանավորված գլխուղեղի վաղաժամ ծերացումը։
