Թատրոնի տնօրենի մրցույթը չհայտարարված արդեն կա հաղթո՞ղ. Արծրուն Չոբանյանը փակագծեր է բացում
Այս տարվա հուլիս ամսին, համաձայն Երեւանի քաղաքապետարանի որոշման, կրճատվեցին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի, ռեժիսորի օգնականի, բեմադրական մասի վարիչի, նկարչի հաստիքները: Հիմա էլ լուրեր են շրջանառվում, որ թատրոնի տնօրեն են պատրաստվում նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին: Սակայն այդ որոշմանը դեմ է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը, ով նաեւ իր թեկնածությունն է առաջարկում տնօրենի հաստիքի համար: Հիշեցնենք, որ ներկա պահին թատրնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Մակիչ Մարգարյանը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱՐԾՐՈՒՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ հետ:
– Դուք լսելով շրջանառվող լուրերը, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոն են պատրաստվում նշանակել Սոս Ջանիբեկյանին՝ բողոքի ձայն բարձրացրեցիք եւ առաջարկեցիք Ձեր թեկնածությունը: Ո՞ րն էր պատճառը նման որոշման:
– Ես ցանկություն ունեմ մասնակցելու «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթին եւ ինձ համար խնդիրն այն է, որ դեռ մրցույթը չհայտարարված արդեն ունի հաղթող:
– Որքանո՞ վ եք վստահ, որ Սոս Ջանիբեկյանն է ընտրված թեկնածուն:
– Երբ Սոսին լրագրողները հարցրել են այդ մասին, նա ասել է՝ քննարկման փուլում են, բանակցությունների մեջ են: Եվ հետո, երբ հստակ չի ու արդեն բանակցությունների փուլում են, Սոսը գալիս-գնում է թատրոն, դա արդեն իսկ ամեն ինչ ասում է:
– Ըստ Ձեզ, նախկին տնօրենն ինչո՞ ւ հանկարծ որոշեց հեռանալ թատրոնից:
– Չգիտեմ, ես այդ թեմայով չեմ խոսել նրա հետ: Այդ հարցն իրեն ուղղեք:
– Դուք որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:
– 2016 թվականից աշխատում եմ: Ունեցել եմ տարբեր դերեր: Խաղացել եմ եւ գլխավոր, եւ երկրորդական, եւ էպիզոդիկ դերեր: Ի վերջո, դերասանի համար կարեւորը խաղն է: Եթե այդ դերը տալիս են, ուրեմն՝ պետք է խաղաս: Ռեժիսոր-դերասան հարաբերությունների մեջ շատ խելոք եմ: Եթե ինձ դուր է գալիս ռեժիսորի միտքը, համաձայնվում եմ, իսկ եթե ոչ՝ մերժում: Այդ առումով ոչ մի խնդիր չունեմ:
– Դեռեւս ամռանը կրճատվեց Մհեր Մկրտչյանի հաստիքը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ես այդպես էլ չհասկացա պատճառը: Եթե խնդիրը Մհեր Մկրտչյանի քաղաքական հայացքները չէին, ապա ինչպե՞ս կարող ենք հասկանալ այն հանգամանքը, որ կրճատեցին գեղարվեստական ղեկավարի հաստիքը:
– Ի՞նչ եք կարծում՝ եթե Մհեր Մկրտչյանի հաստիքը կրճատեցին, ում հայրը, հորեղբայրը մեծ ներդրում են ունեցել այդ թատրոնում, ինչո՞ւ հիմա էլ նույն հաջողությամբ չեն կարող Սոս Ջանիբեկյանին նշանակել այդ թատրոնի տնօրեն:
– Իմ բոլոր քայլերը գնում է նրան, որ փորձեմ թատրոնում պահել այն մթնոլորտը, որը միշտ եղել է եւ տեսել, զգացել ու հասկացել եմ:
– Ի՞նչ հիշողություններ ունեք լուսահոգի Ալբերտ Մկրտչյանի հետ կապված:
– Սկզբնական շրջանում, որ աշխատում էի թատրոնում, Ալբերտ Մկրտչյանն արդեն հիվանդ էր, բայց գալիս-գնում էր: Երբ Ալբերտ Մկրտչյանը թատրոն էր մտնում, բոլորի պատկառանքը, հարգանքը, վերաբերմունքը մեծ էր նրա նկատմամբ: Դա ուղղակի պետք էր զգալ: Ես դա չեմ կարող բառերով բացատրել:
– Տնօրենի պաշտոն զբաղեցնելու համար պետք է կարողանալ սառնասիրտ որոշումներ կայացնել: Դուք պատրա՞ստ եք այդ ամենին:
– Այո, պատրաստ եմ …
– Թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ ի՞նչ նորարություններ եք պատրաստվում անել:
– Թատրոնը ներկա պահին գտնվում է վերանորոգման փուլում եւ պարզ չէ, թե որքան կտեւի վերանորոգման ավարտը: Երբ ավարտվի ու տեսնենք տեխնիկական հագեցվածության որակը, նոր կասեմ այդ մասին, քանի որ խնդիրներ կային եւ տեխնիկական, եւ ստեղծագործական առումով: Այդ ամենը պետք է մշակել ու որպես ծրագիր ներկայացնել տնօրենի մրցույթի համար:
– Այսօր, ըստ Ձեզ, թատրոնի հիմնական խնդիրը ո՞րն է:
– Վերանորոգումից առաջ տեխնիկական հագեցվածությունը ուրիշ էր, եւ այդ առումով կային խնդիրներ։ Հիմա նոր տեխնիկա են դրել, որի մասին դեռ չգիտեմ, բայց առաջին հայացքից երեւում է, որ լավ տեխնիկա է: Միակ հստակ խնդիրը, որ կփորձեմ լուծել՝ աշխատավարձի հարցն է: Այսօր թատրոնում շատ ցածր աշխատավարձ են ստանում:
– Ի՞նչ ճանապարհով եք լուծելու աշխատավարձի խնդիրը:
– Կփորձեմ ինչ-որ հովանավորչական միջոցներ գտնել, որպեսզի նրանց աջակցության շնորհիվ դրանց մի մասն ուղղվի թատրոնի աշխատողների աշխատավարձին, իսկ մյուս մասը՝ թատրոնի կարիքներին:
