Բորիս Ջոնսոնը մտադիր է կրկին դադարեցնել խորհրդարանի աշխատանքը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է կրկին` հոկտեմբերի 8-14-ը դադարեցնել երկրի խորհրդարանի աշխատանքը, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը հղումով:
«Վարչապետը հետևողականորեն ընդգծել է, որ մտադիր է մի շարք նոր օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել միապետի ճառում (ընթերցվում է խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ժամանակ միապետի կողմից): Այդ պատճառով նա մտադիր է խնդրել թագուհի Էլիզաբեթ 2-րդին, որպեսզի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանը դադարեցվի հոկտեմբերի 8-ի երեկոյան, իսկ միապետի ելույթը տեղի ունենա հոկտեմբերի 14-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կառավարությունում ընդգծում են, որ խորհրդարանի աշխատանքը կդադարեցվի «նվազագույն հնարավոր ժամկետով», որպեսզի կառավարությանը թույլ տա նախապատրաստվել նոր խորհրդարանական նստաշրջանի մեկնարկին և ներկայացնել իր քաղաքական ծրագիրը, որի հիմնական առանցքը կլինի Brexit-ին նախապատրաստվելը, կրթության և առողջապահության ոլորտներում բարեփոխումը, հանցավորության դեմ պայքարը և նոր տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցումը:
Խորհրդարանի աշխատանքի ժամանակավոր կասեցումը սովորական ընթացակարգ է, որը տեղի է ունենում նոր խորհրդարանական նստաշրջանի բացումից և միապետի ելույթից առաջ, որի ճառում շարադրված է կառավարության առաջիկա տարվա ծրագիրը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը: Ավելի ուշ Գերագույն դատարանի դատավորները միաձայն Ջոնսոնի որոշումը՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու մասին, անօրինական էին ճանաչել, ուստի Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված էր եղել դադարեցնել մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին և վերադառնալ Մեծ Բրիտանիա: Ջոնսոնը հայտարարել էր, որ համաձայն չէ Գերագույն դատարանի որոշմանը:
Ներկա պահին Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ դրա ներկայիս տեսքով, սակայն, միևնույն ժամանակ, կտրականապես դեմ է առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու տարբերակին: ԵՄ-ն, իր հերթին, հրաժարվում է վերականգնել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Վարչապետ Ջոնսոնը հավաստիացնում է, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա: Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա Եվրոպական խորհրդի նիստը, որը, ըստ էության, հանդիսանալու է Միացյալ Թագավորության և ԵՄ-ի` մինչև Brexit-ի վերջնաժամկետը որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու վերջին հնարավորությունը:
