«Շնորհակալությունս պետք է հայտնեմ բոլորին այս գեղեցիկ հնարավորության համար, որ ընձեռնվեց ինձ, և իմ տարիների երազանքը իրականություն դարձավ։ 8-10 տարի առաջ չէի համարձակվի ռիսկի դիմել և նման գործ սկսել, քանի որ կմտածեի՝ գումարի ներդրումը չի արդարացվի, բայց այս ծրագրի շնորհիվ համարձակություն ձեռք բերեցի»,-ասում է տիկին Մանուշը։

Նա նշում է, որ ԵՄ ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգել և ձևափոխել եմ արտադրամասը։ Ինքն ավելի մեծ տարածք էր նախատեսում այս գործի համար, սակայն Դիլիջանում տարածք գտնելը դարձել է խնդրահարույց․ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Դիլիջանում բնակվողների թիվը մեծացել է, անշարժ գույքի գները՝ բարձրացել, և ավելի մեծ տարածք գտնել չի հաջողվել։ Նպատակ ունի մեկ տարի հետո փոխել աշխատավայրը։

Քանի որ արտադրամասը նոր է, դեռ իրացում չի իրականացվել, բայց ունի նախնական պայմանավորվածություն Դիլիջանի փոքր, միջին և մեծ հյուրատների հետ, որոնց վաճառելու է անկողնային պարագաներ, սփռոցներ և վարագույրներ։ Նպատակ ունի հետագայում ընդլայնել շուկան։
«Դա արդեն հետագայի հարց է,որը իհարկե բիզնես պլանում նախատեսել եմ, ու իմ երազանքներում էլ կա», -ասում է նա։
Այն մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղվել բիզնեսով, տիկին Մանուշը խորհուրդ է տալիս հնարավորին արագ սկսել։

«Այդ երազանքը մնում է, հետո տարիների ընթացքում մտածում ես՝ ինչո՞ւ չփորձեցի։ Ավելի լավ է փորձել, իհարկե, սակայն մեծ մասշտաբով սկսել խորհուրդ չեմ տա, պետք է փոքր քայլերով մտնել շուկա, որովհետև այն հիմա հագեցած է»,- ասում է տիկին Մանուշը։
Արտադրամասը որոշել է անվանել «Մանուշակ կարի արտադրություն», կամ սրահ. դեռ հստակ չի որոշել, սակայն եռանդով, ոգևորությամբ և մեծ ակնկալիքներով պատրաստ է իր երազանքը առաջ տանելու։

EU4IMPACT ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:

