Երկաթուղայինների օրվան ընդառաջ Գյումրու երկաթուղային կայարանում կազմակերպվել էր միջոցառում
Երկաթուղայինների օրվան ընդառաջ Գյումրու երկաթուղային կայարանում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա է եղել համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, երկաթուղային գործի նվիրյալներ և այլք։
Ողջույնի, շնորհավորանքի և շնորհակալության իր խոսքում Վահագն Մկրտչյանը ընդգծել է երկաթուղու գործունեության կարևորությունը, անդրադարձել երկաթուղու պատմությանը. «Երկաթուղին մեր օրերում էլ հանդիսանում է պետության տրանսպորտային զարկերակը, հարկ եմ համարում ընդգծել, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ավանդն ունի պետության և մեր քաղաքի համար կարևորագույն այս ոլորտի բնականոն զարգացման գործում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնը եղել և մնում է Գյումրին, ցանկանում եմ, որ պահպանվեն Ալեքսանդրապոլ-Լենինականի երկաթուղայինների ստեղծած լավագույն ավանդույթները: Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»,-ավելացրել է համայնքի ղեկավարի տեղակալը:
Մասնագիտական գործունեության, անբասիր ու նվիրված աշխատանքի և մասնագիտական տոնի կապակցությամբ երկաթուղու մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Գյումրի համայնքի ղեկավարի պատվոգրերով, որը նրանց փոխանցել է համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը։





