Աննա Հակոբյանը ներկա է գտնվել <<Իմ ուղին>> մասնագիտական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը
Բացման խոսքում Անի Քադումյանը շեշտել է, որ ուրախալի և ոգևորիչ է այն փաստը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են աուտիզմ ունեցող երեխաների կողքին և կիսում են միտքը, որ աուտիզմ ունեցող երեխաները յուրահատուկ են, բայց խորթ չեն։ Ըստ Քադումյանի, ոլորտում հսկայական աշխատանք կա կատարելու և ամենակարևորը՝ ջանքերի միավորումն է, որպեսզի աուտիզմ ունեցող երեխաներն ինտեգրվեն հասարակությանը։
«Այս երեխաներով պետք է զբաղվել ամեն օր, ստեղծել նրանց համար հավասար պայմաններ, որ այդ պայմանները նրանց հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովեն։ Եվ այդ առումով ուրախ եմ, որ մենք բոլորս այստեղ շարունակում ենք այս գործունեությունը»,- ասել է Արա Բաբլոյանը։
Միջոցառման շրջանակում, Աննա Հակոբյանը, հյուրերի ուղեկցությամբ, շրջել է կենտրոնով, ծանոթացել նոր մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև կենտրոնի սաների կողմից արժանացել շնորհակալագրի մասնաշենքի վերակառուցմանը ցուցաբերած աջակցության համար։
«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի նորաբաց մասնաշենքում մասնագիտական կողմնորոշում և հմտություններ կստանան աուտիզմ ունեցող 80 դեռահասներ։ Նորաբաց կենտրոնում արտթերապիայի շրջանակում գործում են ստեղծագործական բազմատեսակ աշխատանքներ՝ թղթի արտադրություն, բացիկների պատրաստում, գեղանկարչություն, կավագործություն, բատիկա, իսկ երաժշտաթերապիայի շրջանակում գործում են դաշնամուրի, երգեցողության և պարի դասարաններ, խոհարարություն։ Կենտրոնի սաները կուսանեն նաև համակարգչային գիտելիքներ, այգեգործություն, կզբաղվեն սպորտով։
«Իմ քայլը» հիմնադրամը «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի շրջանակում աջակցել է կենտրոնի նոր մասնաշենքի վերանորոգման և վերակառուցման աշխաանքներին՝ հատկացնելով 14 մլն 400․000 դրամ։

