Ռուսական մամուլն ինչու է ահազանգում Արցախի շուրջ մութ գործարքի մասին

Ռուսական մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկատվություն, ըստ որի, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իբրեւ թե ՄԻացյալ Նահանգներում գաղտնի բանակցություններ է վարել ամերիկյան կողմի հետ կապված մի գործարքի շուրջ, որի էությունը կայանում է նրանում, որ Արցախի հինգ շրջանները պետք է հանձնվեն՝ հինգ միլիարդ դոլարի դիմաց։ Նույնիսկ ասվում է ռուսական պարբերականներից մեկի հրապարակման մեջ, որ նախարար Մնացականյանը ինչ որ պայմանավորվածություններ է ձեռք բերել այս առնչությամբ։ Սա ինչ խոսք չափազանց լուրջ մեղադրանքներ պարունակող տեղեկատվություն է եւ հարկ է, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդես գա մեկնաբանությամբ, հերքի այն։ Սակայն անկախ ամեն ինչից հետաքրքրական է ինքնին նման հոդվածի հրապարակումը, հատկապես՝ Ռուսաստանի նախագահի՝ արդեն հաշված օրեր անց Հայաստան սպասվող երեք ժամանոց այցի շեմին։ Սա կարող է նշանակել, օրինակ, որ հայ-ռուսական հարաբերություններում սպասվում է վատթարացում, քանի որ նման հրապարակումը առանց ռուսական քաղաքական կառավարող վերնախավի, դժվար թե հրապարակվեր։ Սա նաեւ կարող է նշանակել, որ Մոսկվան ուղիղ կերպով հասկացնում է, որ Հայաստանի՝ աստիճանական դրեյֆումը ռուսական ուղեծրից դուրս, կարող է չափազանց թանկ արժենալ Երեւանի համար։ Հայտնի է, որ Արցախը չափազանց զգայուն համահայկական նշանակության հարց է եւ այս հարցի լարումը կարող է ներքին լարվածությունը հասցնել կրիտիկական կետի ու բերել ներքին ճակատում լրջագույն ցնցումների։
