Անտառապետի և անտառապահի անփութության պատճառով 2000-ից ավելի ծառերի ապօրինի հատման դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
«Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Լոռու մարզի 42-ամյա բնակիչը, 2019 թվականի մարտի 5-ից մինչև 2020 թվականի մարտի 16-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապետի, իսկ 2020 թվականի մարտի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահի պաշտոնը, ինչպես նաև՝ նույն մարզի 35-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 16-ից հունիսի 18-ը զբաղեցնելով նույն պահաբաժնի անտառապահի պաշտոնը, պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Մասնավորապես, հիշյալ անձինք իրենց լիազորությունների շրջանակում, պատշաճ չեն ապահովել նշված պահաբաժնում անտառի պահպանությունը, անտառապետը հիշյալ պահաբաժնի 35-ամյա անտառապահի գործունեության նկատմամբ պատշաճ ղեկավարում և հսկողություն չի սահմանել, ապօրինի անտառհատումները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն կիրառվել, պահաբաժնի տարածքը պատշաճ չեն վերահսկել, այնտեղ տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել։
