Բաքուն խոչընդոտում է ԼՂ-ում ակնողմնակալ փաստահավաք առաքելություն իրականացնելու միջազգային ջանքերը. Մհեր Մարգարյան
Հունիսի 14-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպում՝ «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Հայաստանի դեսպանն անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումների վտանգներին։ Ողջունելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ատելության խոսքի դեմ ՄԱԿ ռազմավարության և գործողությունների ծրագիրը՝ դեսպան Մարգարյանը կոչ է արել Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ գրասենյակին հստակ մատնանշել ատելության խոսքի ահագնացող դրսևորումները, որոնք հանդիսանում են ոճրագործությունների իրականացման վտանգներ։
Անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) առանցքային դերակատարությանը՝ խաղաղության մշակույթի խթանման և մշակութային ժառանգության պահպանման հարցերում։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ավերման վտանգի եզրին՝ հիշատակելով նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական ժառանգության ոչնչացումը։
