«Կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել»․ ՔԿ-ն պարզաբանում է տարածել
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել․
Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունները հանրության և լրատվամիջոցների շրջանում առաջացրել են որոշակի հարցադրումներ` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանել հետևյալը։
2023թ․ հունիսի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացված նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատական նիստի ընթացքում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի: Ժամը 16:40-ի սահմաններում նշված քաղաքացիների հետ բաժին են մոտեցել ևս 2 քաղաքացի։ Չնայած վերջիններիս ուղղված՝ դրսում սպասելու մի քանի հորդորներին՝ նրանք դիտավորյալ խախտել են հասարակական կարգը, բարձրաձայն գոռգռացել, հնչեցրել հայհոյանքներ, փորձել են հրմշտոցի միջոցով մուտք գործել բաժնի վարչական շենք, ինչի արդյունքում խաթարվել է բաժնի բնականոն աշխատանքը: Ֆիզիկական ուժ գործադրելով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա նշված 2 քաղաքացիները ձերբակալվել են և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀ բաժանմունք:
