ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել զարգացող աշխարհի ազդեցությունը ՄԱԿ-ում. The Washington Post

Միացյալ Նահանգների վարչակազմն առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդգրկել հավելյալ վեց մշտական անդամների, որոնք վետոյի իրավունք չեն ունենա։  Այս մասին գրել է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մտադիր է վերակազմավորման միջոցով ընդլայնել զարգացող երկրների ազդեցությունը միջազգային կազմակերպությունում։

Ըստ հրատարակության՝ Վաշինգտոնն այդպիսով ցանկանում է «վերականգնել վստահությունը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը խորհրդակցում է կազմակերպության 193 երկրների դիվանագետների հետ՝ այս աշնանը Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպումից առաջ Անվտանգության խորհրդի հնարավոր ընդլայնման վերաբերյալ նրանց տեսակետներն իմանալու համար:

Բայդենը ձգտում է վերափոխություններ իրականացնել, քանի որ Վաշինգտոնը «խոշոր մարտահրավերների է բախվում ավելի ու ավելի պառակտվող աշխարհում կոնսենսուսի հասնելու հարցում»:

2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ամբիոնից պետության ղեկավարը հայտարարել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերափոխման ու դրանում «մշտական ներկայացուցչություն Աֆրիկայից» ընդգրկելու գաղափարին աջակցելու մասին։

Թոմաս-Գրինֆիլդը փորձում է «համաձայնություն ձևավորել խելամիտ, վստահության արժանի առաջարկի շուրջ, որն իսկապես կարող է հաջող լինել ու հանգեցնել վերափոխումների», մինչդեռ կոնկրետ առաջարկներ են պատրաստվում:

Այդ ջանքերը, ըստ աղբյուրների, կապված են ԱՄՆ իշխանությունների՝ միջազգային խոշոր կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի նման ֆինանսական հաստատությունների վերակազմավորման ծրագրերի հետ։

Share This