Բժիշկը բացատրել է՝ կարելի է արդյոք շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար գարեջուր խմել
Թեեւ շատերը նախընտրում են շոգին իրենց ծարավը հագեցնել գարեջրով, սակայն նման եղանակին այս սառը ըմպելիքը խմելը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Բանն այն է, որ շոգին օրգանիզմը խիստ ջրազրկվում է՝ քրտինքի հետ մեկտեղ կորցնելով հեղուկն ու օգտակար նյութերը՝ կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում։ Ալկոհոլը միայն նպաստում է այս գործընթացին: Այս մասին gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Քաշուխը։
Բացի այդ, ըստ նրա, եթե աննկատորեն գերազանցեք գարեջրի պահանջվող չափաբաժինը, ապա ջրազրկման և շոգի ֆոնին ալկոհոլային թունավորումն ավելի ընդգծված կլինի, իսկ վերականգնման համար շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի։
«Ենթադրվում է, որ գարեջուրն իբր սառեցնում է մարմինը շոգի ժամանակ, բայց դա թյուր կարծիք է: Այս ազդեցությունը շատ կարճատև է լինում: Ալկոհոլը լայնացնում է արյունատար անոթները, ուստի սառնության անցողիկ զգացումից հետո մարմինը կրկին տաքանալու է։ Ավելին, գարեջուրը, հատկապես շոգին, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում լյարդի և սրտանոթային համակարգի վրա, ուստի լյարդի կամ սրտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում իսպառ հրաժարվել ալկոհոլ օգտագործելուց»,- ասել է բժիշկ Եկատերինա Քաշուխը։
