Հայոց Ցեղասպանության լուսաբանումը ռուսական մամուլում՝ 1915-17 թվականներին․ Մաս 4-րդ
Նշանակալի իրադարձություն էր անգլիական «Կապույտ գիրքը», որը ներկայացնում էր Օսմանյան կայսրությունում 1915-16 թթ հայերի հանդեպ եղած վերաբերմունքը։ «Կապույտ գրքի» մասին ռուսական մամուլում առաջին հրապարակումը կատարվեց «Русские Ведомости» պարբերականում, վերջինիս լոնդոնյան թղթակցի կողմից՝ 1917 թվականի հունվարին։ «Կապույտ գիրքը» ինչպես հայտնի է իրականություն է դարձրել լորդ Բրայսը, տաղանդավոր պատմաբան Առնոլդ Թոյնբիի հետ համագործակցությամբ։ Այն 700 էջ ծավալ ուներ, բաղկացած 150 ականատեսների վկայություններից։ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության աջակիցներ էին համարվում այդ գրքում Գերմանիան եւ Ավստրո-Հունգարիան։ «Կապույտ գիրքը» հերքում էր հայերի այսպես կոչված դավաճանության մասին երիտթուրքական թեզը։ Հայոց Ցեղասպանության երիտթուրքական հիմնավորում թեզիսների հերքումը կարեւոր նշանակություն ուներ։ Դրանք հերքվեցին նաեւ Գերմանիայում հրատարակված «Հայկական հարց» աշխատությունում։ Թոյնբին եզրակացնում է, որ եթե երիտթուրքական տեսակետը ճիշտ լիներ, ապա բրիտանական իշխանություններն էլ պարտավորված էին լինելու արտաքսել իռլանդացի կաթոլիկներին Կենտրոնական Ավստրալիայի անապատներ։ «Կապույտ գրքի» համաձայն, հայերի ընդհանուր թիվը Օսմանյան կայսրությունում կազմում էր մոտ երկու միլիոն մարդ։ Գրքում Հայոց Ցեղասպանության համար մեղավոր էին ճանաչվում Կոստանդնուպոլսի երիտթուրքական իշխանությունները։ 1916 թվականի հուլիսին ռուսական զորքերի կողմից Երզնկա քաղաքի գրավումը կրկին օրակարգ բերեց Արեւմտյան Հայաստանի ազատագրության հարցը։ «Кавказское Слово» պարբերականում Յու․ Սեմյոնովը հրապարակում է մի հոդված, որտեղ անդրադառնում է հայկական հույսերին եւ քաղաքական իրականություններին։ Այս առումով ռուսական հանրային-քաղաքական քննարկումներում երկու տեսակետ էր շրջանառվում։ Առաջինի համաձայն, Արեւմտյան Հայաստանը պետք է միանար Ռուսաստանին եւ ձեւավորվեր հետագայում հայկական ինքնավարություն։ Այս մոտեցման կրողնը կադետների կուսակցության ղեկավար Պ/ Միլյուկովն էր։ Երկրորդ տեսակետը պաշտպանում էր Թուրքահայաստանի ինքնավարության ստեղծման թեզը։ Հայ գործիչների մեծ մասը բնութագրվում էին որպես «ինքնավարականներ»։ Սեմյոնովը կողմնակից էր միջազգային կոնգրեսում Թուրքահայաստանի հարցի որոշմանը, որտեղ Ռուսաստանը կստեղծեր նրանից ինքնավար բուֆեր՝ հարեւան երկրների հետ։ Նա կարծում էր, որ Առաջին աշխարհամարտը թուրքահայերին ընտրության առաջ էր կանգնեցրել՝ ընտրել Գերմանիային կամ Ռուսաստանին։ Նախընտրությունը տրվել էր Ռուսաստանին։ Ասպարեզում կար նաեւ «կայսերապետական» մոտեցումը, որը համարում էր, որ «Թուրքահայաստանի ինքնավարությունը» պարզապես ուտոպիա է եւ հնարավոր չէ, որ նման պետական կազմավորում հնարավոր լինի ստեղծել։ Դրա փոխարեն առաջարկվում էր Ռուսաստանի կազմում թուրքահայությանը տրամադրել մշակութային ինքնավարություն։ Կայսերապետական տեսակետը մեծ աղմուկ բարձրացրեց եւ «Кавказ» պարբերականում հատուկ այդ առնչությամբ հրապարակվեցին պարզաբանումներ, որոնց նպատակը այս թեմայով քննարկումներում կրքերի հանդարտեցումն էր։ 1916 թվականի սեպտեմբերին «Русское Слово» պարբերականում հրապարակվեց թուրքահայերի ապագայի վերաբերյալ հերթական հոդվածը։ Այստեղ Արեւմտյան Հայաստանը դիտարկվում էր որպես տնտեսական առումով անհրապուրիչ տարածք, որտեղ ենթակառուցվածքների զարգացման համար ահռելի գումարներ հարկ կլիներ ծախսել։ Բացի այդ, տեղի բնակլիմայական պայմանները համարվում էին ռուս գյուղացու համար ոչ նպաստավոր։ Այս ամենը հաշվի առնելով, առաջարկվում էր ստեղծել հայկական ինքնավորություն՝ Ռուսաստանի հովանու ներքո։
