Ամուսնալուծությունների թվով Երևանն առաջատար է
Հայաստանը դասվում է ցածր ծնելիություն ունեցող երկրների շարքին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը։
«Իրականում մեր բնակչության նվազման հիմնական խնդիրը ոչ թե եղել է ծնելիությունը, այլ արտագաղթը»,- նշեց նա։
Մհեր Մանուկյանը միաժամանակ նշեց, որ ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ Հայաստանում երիտասարդներն ուշ են ամուսանանում, բայց մյուս կողմից մեր երկրում շատ լուրջ է ամուսնալուծությունների խնդիրը։
Մասնավորապես, ըստ նրա, 2022 թվականին, Երևանում յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն:
«Դա սոսկալի ցուցանիշ է»,- ասաց Մհեր Մանուկյանը։
Ամուսնալուծությունների բարձր ցուցանիշով Երևանին հաջորդում է Լոռին, որտեղ 3 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցել են Գեղարքունիքի մարզում, որտեղ 7 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն:
