Սահակաշվիլուն թունավորելու վարկածը բացառել են
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու անալիզների պատասխանները ստացվել են եւ դրանց հիման վրա, կարելի է ասել, որ նրան թունավորելու վարկածը բացառվում է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն՝ Rustavi-2 վրացական հեռուստատեսության եթերում։ Նա մասնավորապես նշել է, որ արյան անալիզները ցույց են տվել, որ այն բոլոր մետաղների պարունակությունը Սահակաշվիլու արյան մեջ, որոնց մասին ահազանգում է պաշտպանական կողմը, գտնվում է նորմայի սահմաններում, հետեւաբար՝ թունավորման վարկածը բացառվում է։ Նշենք, որ Սահակաշվիլու արյան անալիզն իրականացվել է գերմանական անկախ լաբորատորիայում՝ վրացական «Վիվամեդ» բուժկենտրոնի պատվերով, որտեղ բուժվում է Վրաստանի նախկին նախագահը։
