Երևում է, որ իշխանության մեջ մասնատումներ կան, այս լարված իրավիճակը կարող է արտահերթ ընտրությունների պահանջ հասունացնել. Աղասի Ենոքյան
Սա Հայաստանում տիրող աղետալի վիճակի արտահայտում է` կառավարման որակի խիստ անկման և քաղաքական պրոցեսները անձնական նպատակահարմարությանը ծառայեցնելու արտահայտություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին:
«Բացի հրաժարականից շատ կարևոր էր այդ հայտարարությունը, որը զուգորդեց հրաժարականին, որտեղ հստակորեն նշվում էր, որ առաջնահերթությունները խախտվել են Հայաստանի Հանրապետությունում, և կառավարման մեծ ճգնաժամ կա«,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել և նշել. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
Ըստ Աղասի Ենոքյանի` Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում կապրի: «Այստեղ օպերատիվ լուծումներ պահանջող իրավիճակ է ստեղծվել, որ Փաշինյանը պետք է կարողանա կառավարել: Ռեյտինգ ասվածը կարևոր է ընտրություններից առաջ, հիմա շատ լուրջ խնդիր է դրված ընտրություններին հասնել: Այս իրավիճակը չափազանց լարված է»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ իրավիճակը կարող է այնքան լարվել, որ արտահերթ ընտրությունների պահանջ հասունանա:
«Մի կողմ թողնենք, որ արդեն լինելու են քաղաքական նշանակումներ, այս իրավիճակում քաղաքական նշանակումները կբերեն համակարգերի փլուզման, ոչ միայն Ազգային անվտանգության ծառայության, այլ նաև մյուս ուժայինների»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ արդեն իշխանությունում մասնատումներ են նկատվում: «Արդեն երևում է, որ այդպիսի մասնատումներ կան, շատերը բացատրում են Նիկոլ Փաշինյանի վարքագիծը այս կամ այն խմբին տուրք տալու գործոնով, բայց ես կարծում եմ, որ սրանք երկրորդական են: Նիկոլ Փաշինյանը այս կամ այն խմբին տուրք է տալիս՝ ելնելով նրանից, թե որ խումբը կարող է օժանդակել իշխանության պահպանմանը: Այս շարքում ես չեմ կարող չնշել այն խայտառակությունը, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց տեռորիստական խմբի ներկայացուցիչների հետ»,-ասաց նա:
