ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքից տեղեկանում ենք, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը (կասկածելի քվեարկությամբ այս պաշտոնին հասած Վահագն Հովակիմյանը, ամենայն հայոց իրավագետ Վահագն Հովակիմյանը) փետրվարի 10-ին հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի քաղաքական գործընթացների ավագ խորհրդական Մայքլ Հեննինգին եւ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ժողովրդավարության եւ կառավարման գրասենյակի փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Վահագն Հովակիմյանը համաձայնել է Մայքլ Հեննինգի դիտարկման հետ, որ վերջին տարիներին Հայաստանում անցկացված ընտրությունները արժանացել են միջազգային կառույցների դրական գնահատականի, սակայն հաջողված ընտրությունները երաշխիք չեն ժողովրդավարության անշրջելիության համար։ Չբավարավելով լոկ համաձայվելով, Վահագն Հովակիմյանը ասել է. «Մեզ համար շատ կարեւոր է ընտրական համակարգի կարողությունները զարգացնել այնպես, որպեսզի ժողովրդավարությունն այլեւս անշրջելի իրողություն դառնա Հայաստանում, եւ հաջողված ընտրությունները դառնան սովորական երեւույթ»: Հյուրերը ասել են, որ պատրաստ են աջակցել ԿԸՀ-ի ներկայացրած ծրագրերին։
Իսկ հիմա հիշենք, թե ինչ էր ասում Վահագն Հովակիմյանին այդ պաշտոնին բերած Նիկոլ Փաշինյանը:
2018 թվականի նոյեմբերի 9-ին Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է»: Տառացիորեն նույն նախադասությունը Նիկոլ Փաշինյանն ասել է 2019 թվականի ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս, նույն տարվա մայիսի 13-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանում ելույթ ունենալիս, 2020 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի խորհրդարանում ելույթ ունենալիս:
Սրանք եզակի դեպքեր չեն: «Մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է» նախադասությունը Նիկոլ Փաշինյանը կրկնել է շատ ու շատ: Ու հիմա ԱՄՆ-ը պնդում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի չէ ու դա անում է Նիկոլ Փաշինյանի թիմակից Վահագն Հովակիմյանի շուրթերով: ԱՄՆ-ում վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը ասելով՝ «Մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է» սուտ է խոսել, առնվազն խիստ չափազանցրել է և խեղաթյուրել իրականությունը: Շատ հետաքրքիր է, որ եթե նախկինում դիվանագետները կամ միջազգային կառույցների ներկայացուցիչները Հայաստանում առկա որեւէ թերություն ցույց տալու համար դիվանագիտական ձեւակերպումներ էին օգտագործում՝ «Առաջընթաց կա, բայց դեռ նպատակին չեք հասել», «Ճիշտ ճանապարհի վրա եք», «Ճիշտ ուղղություն եք վերցրել» եւ այլն, ապա հիմա օգտագործում են նույն բառը՝ «անշրջելի» եւ ասում են. «Եթե անգամ մեկ-երկու ընտրություն դրական ենք գնահատել, մի ոգեւորվեք, դեռ հեռու եք ժողովրդավարությունից»: Ու դա ասում են թավշյա կառավարման 5-րդ տարում:
Ի դժբախտություն Նիկոլ Փաշինյանի, նրա թավշյա ուսապարկային թիմի կարկառուն ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը «դուխ չի ունեցել», հակադարձելու Նիկոլ Փաշինյանին «սխալ հանող» ամերիկացի հյուրին ու դեռ մի բան էլ համաձայնել է: Ինչո՞ւ, կհարցնի ցանկացած ոչ ուսապարկ մեկը: Ասեմ: Որովհետեւ Նիկոլ Փաշինյանին «սխալ հանող» ամերիկացի հյուրը ասել է, որ կօգնի ԿԸՀ ծրագրերին: Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ առաջիկայում հայտարարվի, որ ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի աջակցությամբ Վահագն Հովակիմյանը վերապատրաստվելու է ԱՄՆ-ում կամ այլ երկրում, ԿԸՀ նյութատեխնիկական, որեւէ այլ տեսակի օգնություն է ստանալու, Վահագն Հովակիմյանը վարձատրվող փորձագետ է լինելու ամերիկյան որեւէ ծրագրում: Տարբերակները շատ են:
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
