Սևանում ձկնապաշարի ավելացման միտում կա, բայց բավարար չէ, որ արդյունագործական որս կազմակերպվի. ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն
2018 թվականի տվյալներով` Սևանում բոլոր ձկնատեսակների քանակը միասին կազմում է 2950 տոննա, որից 30-35 տոննան ծածանազգիններն են, 1-1,5 տոննան իշխան, մնացածը՝ սիգ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Նա նշեց, որ պաշարները անցած տարի աճել են 33 տոկոսով: «Ընդհանրապես ավելացման միտում է գրանցվում, բայց մենք գտնում ենք, որ դեռևս պաշարները բավարար չեն, որ լճում արդյունագործական որս կազմակերպվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել, Էվելինա Ղուկասյանն ասաց, որ չի գտնում, թե դա ճիշտ որոշում է. «Եթե պաշարները չկառավարվեն ճիշտ ձևով, բնականաբար կրճատման միտում կարձանագրվի»:
Հիշեցնենք, որ 2006 թ.-ից Սևանի սիգն այլևս չէր համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ, ուստի նախարարության որոշումով որսը մինչ օրս արգելվել էր: Այնինչ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, որ վերջին երկու տարում Սևանում սիգի պաշարները բավական շատացել են, ապա՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել. սկզբում փորձելու են կիրառել պիլոտային տարբերակով՝ 150 տոննա ձկան համար:
Հարցին՝ Շրջակա միջավայրի նախարարությունից դիմե՞լ են իրենց ինստիտուտ, ի՞նչ եզրակացություն են ներկայացրել իրենք նախարարությանը, Էվելինա Ղուկասյանը պարզաբանեց՝ իրենք ընդհանրապես նախարարության պայմանագրի շրջանակում են կատարում խեցգետնի և ձկան պաշարների հաշվառումը:
«Ամեն դեպքում իրենք մեզ դիմեցին պիլոտային ծրագիր իրականացնելու նպատակով: Պիլոտային ծրագրի անհրաժեշտությունը նախարարությունն էր տեսնում, մենք պարզապես հաշվի առնելով, որ պաշարներ կան լճում, չառարկեցինք, ասեցինք` եթե գտնում եք խիստ անհրաժեշտ է, կարող եք իրականացնել»,-ասաց նա:
«Մենք ասել ենք, որ հոկտեմբերից սկսած չի կարելի որս կատարել, քանի որ նախաձվադրային և ձվադրային շրջան է սկսում: Եթե մինչ հոկտեմբեր չհասցնեն կատարել, ապա այդ դեպքում պետք է պիլոտային ծրագիրը տեղափոխվի մյուս տարի»,-ասաց նա:
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը նշեց, որ թեև ձկնապաշարների աճ նկատվում է, սակայն այն չի համապատասխանում այն տեմպերին, որը պետք է լիներ, քանի որ անօրինական որսը լճում շարունակվում է:
«Այդ դեպքում խնդիրը արտահանումը չէ, այլ որ ձուկը ջրից հանվում է. հիմա դա Հայաստանում կուտեն, թե դրսում՝ դա այլ հարց է, ուրիշ բան, որ երևի հատուկ նպատակով են այդ պիլոտային ծրագիրը ուզում կատարվի: Այդ հարցը պետք է ուղղել նախարարություն»,-ասաց նա:
