Գյումրիում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը. Չի եղել սանհանգույց, լվացարան՝ սառը եւ տաք ջրով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սիփան Մարտիրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ չեն կատարվել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները, այն է՝
արտադրությունն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով, չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը,
արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ:
Հացաբուլկեղենի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները շտկելու համար սահմանվել է ժամկետ:
