Վտանգավոր <<միֆեր>> 2-րդ տիպի շաքարային դիաբետի մասին, որոնց մարդիկ շարունակում են հավատալ
Երկրորդ տիպի շաքարային դիաբետն ամենատարածված հիվանդություններից է, որն ախտորոշվում է հազարավոր մարդկանց մոտ, սակայն այնուամենայնիվ կան մի շարք տարածված «միֆեր» այս հիվանդության մասին, որոնց մարդիկ շարունակում են հավատալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Շաքարային դիաբետը շատ լուրջ հիվանդություն չէ
Սա բավական տարածված ու վտանգավոր «միֆ» է, որը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Դիաբետիկների ամերիկյան ասոցացիայի տվյալներով՝ այս հիվանդությունով տառապող հիվանդների երկու երրորդը մահանում է շաքարային դիաբետով պայմանավորված սրտանոթային հիվանդությունների հետևանքով: Այս հիվանդությունը կրճատում է մարդու կյանքը միջինում 10 տարով: Ավելին՝ անգամ ՄԻԱՎ-ով հիվանդները դեղորայքի ընդունման դեպքում ավելի երկար են ապրում, քան շաքարային դիաբետով տառապողները:
Ճարպակալումն անպայման հանգեցնում է շաքարային դիաբետի զարգացման
Ճարպակալումը համարվում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող ռիսկային գործոններից մեկը, սակայն այն միակը չէ: Հարկավոր է հաշվի առնել նաև ընտանեկան անամնեզը, զարկերակային գերճնշման առկայությունը, նստակյաց կենսակերպն ու այլ գործոնները:
Ինսուլինը կարող է վնասակար լինել առողջության համար
Իրականում ինսուլինը փրկում է շաքարային դիաբետով հիվանդ հազարավոր մարդկանց կյանքը, քանի որ օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը:
Քաղցրավենիքը հարկավոր է բացառել
Պետք չէ մտածել, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետը ենթադրում է սննդակարգից քաղցրավենիքի բացառում: Արյան մեջ շաքարի նորմալ մակարդակի և առողջ կենսակերպի դեպքում քիչ քանակությամբ քաղցրավենիքն առողջությանը որևէ վնաս չի հասցնի:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
