ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ Տավուշի նախկին մարզպետի կողմից հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով 7 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները թաքցնելու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Հ. Ա.-ն, 2014 թվականի մայիսի 15-ից զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ունենալով պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու դեպքում գույքի, եկամուտների ու շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2018 թվականի հունիսի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել` թաքցրել է հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով` 3.035.946 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 2003 թվականի օգոստոսի 1-ին, ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին) 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրում տվյալները դիտավորությամբ թաքցնելը): Հ. Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, անկախ հաշվառման վայրից կարող են դիմել և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք  և սպասարկող անձնակազմ:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝  Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
•        պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ,
•        խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
•        եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
•        եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
•        մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
•        հագնվե´ք եղանակին համահունչ,
•        պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
•        օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
•        հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
•        հետևե´ք անձնական հիգիենային։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )