ՀՀ կառավարության հերթական վիճահարույց նախաձեռնությունը
ՀՀ կառավարության հերթական վիճահարույց նախաձեռնությունը
Չգիտեմ,թե ինչպես է հաջողվում կառավարությանը ամեն անգամ հանդես գալ մի նոր վիճահարույց նախաձեռնությամբ,բայց ավանդույթից հրաժարվել կարծես թե չեն պատրաստվում։Օրերս շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ,համաձայն որի,մեր երկրում՝150.000 դոլարի ներդրում կատարող օտարերկրացիներին կարող է շնորհվել ՀՀ քաղաքացիություն։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անկեղծորեն խոստովանում է,թե չի կարող երաշխավորել,որ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները չեն փորձի օգտվել՝կառավարության հեղինակած այս «հանճարեղ» օրենսդրական նախաձեռնության ընձեռած հնարավորությունից,փորձելով ձեռք բերել հայկական անձնագրեր։Բրա՜վո,պարոնայք,կե՜ցցեք…Էկոնոմիկայի նախարարը փորձում է ինչ որ հակափաստարկներ փնտրել ու համեմատության եզրեր է գտնում Թուրքիայի հետ։Թե բա տեսեք,այդ երկրում նույնպես մեծ թվով հայեր են ապրում,ի՞նչ է եղել որ։Իբր մի անհանգատացեք,ամեն ինչ նորմալ է։Լու՞րջ,պարոն Քերոբյան։Համեմատությունն էլ հեչ տեղին չէր։Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիները,այդ երկրի համար որևէ սպառնալիքներ չեն ստեղծում,ինչը չի կարելի ասել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների դեպքում։Մի թե՞ սա ակնհայտ չէ։Ես զարմանում եմ ուղղակի…Հասկանալի է,որ տնտեսությունը ներդրումների կարիք ունի,պարզ ասած,երկրին փող է պետք։Բայց արդյո՞ք հնարավոր չէ ավելի խելամիտ որոշումներ կայացնել,ոչ թե,ըստ էության,զբաղվել հայկական անձնագրերի վաճառքով։Ու թեև Վահան Քերոբյանը և նրա թիմակիցները հավաստիացնում են,որ այս կերպ ձգտում են միաժամանակ ներդրումների և ներգաղթի խնդիր լուծել,և որ ամեն դիմումատուի մեխանիկորեն չի տրվելու հայկական անձնագիր,այս փաստարկներն այնքան էլ համոզիչ չեն թվում։Մի կողմից ստացվում է այնպես,որ ցանկացած օտարերկրացի,անկախ ազգությունից,150.000 դոլարի ներդրման դեպքում,կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ,մյուս կողմից իշխանությունները հավաստիացնում են,որ արտասահմանցիները՝Հայաստանի անձնագիր ստանալուց առաջ,պարտադիր կարգով պետք է անցնեն ոստիկանության և ԱԱԾ ընթացակարգեր։Խոստանում են հաշվարկել բոլոր ռիսկերը,և նույնիսկ վստահեցնում,որ նորամուծությունը տարածվելու է սահմանափակ քանակությամբ օտարերկրացիների վրա։Այդ ինչպե՞ս,պարոնայք,կբացատրե՞ք։Դուք ինքներդ ձեզ հակասում եք։Եթե այս ընթացակարգով ՀՀ քաղաքացիություն է շնորհվելու սահմանափակ քանակությամբ արտասահմանցիների,ապա այդ դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում խթանել ներդրումների և ներգաղթի ծավալները։Կամ,եթե ազգությամբ ադրբեջանցի,թուրք՝ԱՄՆ-ի,Ռուսաստանի,կամ որևէ այլ երկրի քաղաքացին պատրաստ է ներդրումների դիմաց ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն՝այստեղից բխող բոլոր տխուր հետևանքներով,ապա ինչպե՞ս եք պատրաստվում դրա դեմն առնել։Ի՞նչ իրական հիմքեր կան դիմումը մերժելու համար։
Առանց այն էլ Հայաստանը ահռելի մարտահրավերների առջև է կանգնած,ինչու՞ եք մեր երկրի համար լրացուցիչ ռիսկեր ստեղծում։Հետո,երբ մի բան ձեր ուզածով չի ստացվում,սկսում եք աջ ու ձախ մեղադրանքներ հնչեցնել,ու անխնա քննադատել բոլորին։Բայց դուք եք իշխանության ղեկին։Մեղավորներին ձեր մեջ փնտրեք։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
