Ստամբուլյան կոնվենցիան <<քաղաքական ապրանք>> է, բայց դեռ հարց է այն <<կվաճառվի>> թե ոչ

Հասարակությունը շարունակում է ակտիվորեն քննարկել Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ սպասվող գործընթացները՝ բովանդակությունից մինչեւ պատճառներ եւ հետեւանքներ ու հնարավոր ռիսկեր, ազգային քրիստոնեական նկարագրի հակասություններ։ Մի կողմ թողնելով այդ հարցերի ողջ գունապնակը, նշենք, որ ռեալ-քաղաքականության տեսանկյունից, եթե նայենք, ապա Ստամբուլյան կոնվենցիան պատկերավոր ասած՝ քաղաքական ապրանք է, որը իշխանությունը ցանկանում է վաճառել, ընդ որում, որքան թանկ, այնքան լավ։ Օրինակ, այդ թանկը կարող է արտահայտվել Սահմանադրական դատարանը իշխանության հնազանդ դարձնելով։ Այլ կերպ ասած՝ Ստամբուլյան կոնվենցիայի գինը կարող է լինել Հրայր Թովմասյանը, ողջ Սահմանադրական դատարանը կամ դատաիրավական համակարգն առհասարակ։ Սակայն նույնիսկ այս դեպքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի համար չափազանց ռիսկային է նման հնարավոր գործարքը, քանի որ ամեն դեպքում քվեարկությունը անցնելու է ԱԺ-ում, իսկ այնտեղ կողմ քվեարկող պատգամավորները /պայմանական ասած՝ սորոսականները հանած/ եթե «կողմ» քվեարկեն, ապա բավական սուր հարցուպատասխան կունենան հասարակության հետ։ Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ իշխող մեծամասնության ֆրակցիայում կա պառակտում եւ պատգամավորները դրել են այն հարցը, թե ինչ են ասելու ընտրողին։ Արդեն բավական ժամանակ Արդարադատության նախարարության լոբբիստական աշխատանքը, կարելի է ասել արդյունք չի տալիս եւ հասարակության վերաբերմունքը ամեն նոր հայտարարության հետ ավելի է կարծրանում եւ բյուրաեղանում։ Իհարկե, իշխանության ներսում վճռորոշը Փաշինյանի խոսքն է լինելու, սակայն իշխանության ներսում եղածների համար, եթե Փաշինյանը քաղաքական որոշում կայացնի, որ կոնվենցիան վավերացվելու է, դիցուք, որովհետեւ իրեն ձեռնտու «գնով» կարողացել է «վաճառել», ապա ապագային առնչվող լուրջ խնդիր կառաջանա, ու հարցը կդրվի հետեւյալ կերպ․ պատրաստ են լինելու նրանք մինչեւ վերջ կիսելու պատասխանատվությունը Փաշինյանի հետ, ներառյալ նաեւ հանրային պարսավանքի այն սպասելի հզոր ալիքը, որը կարող է այդ դեպքում առաջանալ ու բերել ռեյտինգի կտրուկ անկման։ Չի բացառվում նաեւ, որ Փաշինյանը որոշի գնալ «ոչ շամփուրը այրել, ոչ էլ խորովածը» սկզբունքով եւ հարցը ԱԺ միջոցով ուղարկել տալ Սահմանադրական եւ միջազգային պրակտիկայում առկա նախադեպերից մեկը փորձ արվի խաղարկել Հայաստանում, օրինակ, ասենք՝ հակասահմանադրական ճանաչել այն, որով «եւ գազանները կուշտ կլինեն, եւ գառները ապահով» եւ ինքն էլ ջրից չոր դուրս կգա, իր սովորության համաձայն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )