«3+3» հարթակի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում․ Ռուսաստանի դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «168 ժամ» թերթին տված իր հարցազրույցում անդրադարձել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակում տեղի ունեցած և տեղի ունենալիք հանդիպումներին։
«Մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը։
Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։
Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի որոշած հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ այս հարթակի շրջանակներում հնարավոր է ամրապնդել նաև Ռուսաստան- Հայաստան – Իրան փոխգործակցոթյունը։
«Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Հաարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում