27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը
ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ, ինչպես նաև Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպես նաև կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։
Մեկնաբանելով Հայ դատի հանձնախմբի կողմից օժանդակվող այս նամակի հրապարակումը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Այն փաստը, որ Սենատի քսանյոթ դեմոկրատներ՝ կազմի կեսից ավելին, ներառյալ առաջնորդ Չաք Շումերը, ստորագրել են այս նամակը՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակում, բարձրացնում է հայկական հարցերի դերն ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում՝ զգալիորեն բարձրացնելով դրանց նշանակությունը Հանրապետական կուսակցության և Թրամփ–Վենսի վարչակազմի համար»։
Սենատորների նամակում մասնավորապես ասվում է․«Զեկույցները ցույց են տալիս, որ այս քաղաքական պատանդները ենթարկվել են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ գաղտնիությունն ու ընթացակարգային խախտումները Բաքվի ռազմական դատարանում լուրջ կասկածներ են հարուցում դատավարությունների արդարության և օրինականության վերաբերյալ․․․ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, միակ կազմակերպության, որը կարող էր այցելել հայ գերիներին, արտաքսումը ևս ավելի է վտանգում հայ բանտարկյալների անվտանգությունն ու ապահովությունը»։
