25 տարվա սպանության գործը մտնում է եզրափակիչ փուլ
2018 թվականի իշխանափոխությունից հետո զինվորական դատախազությունը ներկայացված բողոքի կամ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դիմել էր վերաքննիչ քրեական դատարան՝ 25 տարի առաջվա դատավճիռը բեկանելու եւ գործն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ։ 2018-ի հուլիսին ոստիկանության Վաղարշապատի բաժին մի քաղաքացի դիմում է ներկայացրել, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը դիտավորյալ սպանել է իր հորը՝ Մհեր Պողոսյանին:
Սակայն դեպքի իրական փաստերի խեղաթյուրման պատճառով Գրիգորյանը ենթարկվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման:Այդ դեպքերի ժամանակ 8 տարեկան Էդուարդ Պողոսյանը, որն 94 թվականից ապրում է ՌԴ-ում, Հայաստան գալիս է միայն հոր գործը բեկանելու վարույթի շրջանակներում։ Երեկ նա եթերում հայտարարեց, որ չնայած առերեւույթ խեղճությանը, այս մարդիկ, տնօրինելով ահռելի ֆինանսական միջոցներ, դեռ իրենց վստահ, հզոր ու ամենակարող են զգում Հայաստանում։ Հրանտ Գրիգորյանը, Էդուարդի խոսքով, անգամ նայել ու ժպտացել է իրեն։ Էդուարդը պատմում էր, որ Մանվել Գրիգորյանը եկել է հորական պապի մոտ եւ առաջարկել հրաժարվել բողոքներից, այլապես սպառնալով «ցեղում որեւէ որձ չթողնել»։
Մայրն էլ երեք տղաներին վախվորած դպրոց է տարել «Նիվայի մեջ նստած անթրաշ» մարդկանց ուղեկցությամբ, այնքան ժամանակ, մինչեւ որ պապը հարսին առաջարկել է վերցնել երեխաներին ու գնալ Ռուսաստան, որտեղ անվտանգ է։ Իրավական ցինիզմը հասել է այն աստիճանին, որ պաշտպանության այն ժամանակվա փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը տրամադրել է տեղեկանք առ այն, որ Մհեր Պողոսյանը սպանվել է 94 թվականին՝ Շուշիում։ Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Պողոսյանին հետմահու պարգեւատրել է արիության համար։
Այդ գործում առկա է եղել նաեւ Մանվել Գրիգորյանից մի տեղեկանք, ըստ որի՝ Մհեր Պողոսյանը զոհվել է 1994-ի ապրիլի 16-ին՝ Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, ինչը հակասում է քրեական գործում առկա այլ փաստական տվյալներին, մասնավորապես՝ դատավճռին:
Երկու օր առաջ պաշտպանական կողմի ներկայացրած՝ նոր երեւան եկած փաստական հանգամանքների մասով Հրանտ Գրիգորյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանն առարկել է՝ չկան նման նոր երեւան եկած հանգամանքներ, եւ որ, առհասարակ, գործը վարույթ է ընդունվել խախտումներով։ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի մամուլի քարտուղար Զարուհի Մեջլումյանը, ով սպանվածի որդու՝ Էդուարդի շահերի ներկայացուցիչն է, մեզ հետ զրույցում նշեց․ «Այս հանգամանքները շատ են, եւ մենք կարծում ենք, որ 25 տարի անց, անպայմանորեն, կան բոլոր իրավական հիմքերը, եւ նաեւ մեր օրենսդրությունն է թույլ տալիս բացառիկ վերանայման համատեքստում դատավճիռը բեկանել»։
Նշենք, որ Հրանտ Գրիգորյանը՝ ինքը, այս պահին որեւէ կարգավիճակ չունի, սա բացառիկ վարույթ է, որը վերաբերում է դատավճռի բեկանմանը։ Եթե այն բեկանվի, ապա կլինի լրացուցիչ քննություն առաջին ատյանում։ Զարուհի Մեջլումյանն ասում է, որ սա նորություն է Հայաստանի դատական համակարգում, քանի որ ե՛ւ ծանրացնող, ե՛ւ անմեղ ճանաչելու մասով առայժմ միակ դեպքն է, որը պետք է վերանայի մոտ 3 տասնամյակ առաջ կատարված հանցագործությունը։
«Մինչդեռ, զարգացած աշխարհը շատ է կիրառում դատական ակտի վերանայման, գործերի վերաբացման պրակտիկան, այս բացառիկ վարույթները հատորներ են կազմում։ Իսկ մեզ մոտ միանգամից ասվում է՝ դատական ակտի վերջնականության սկզբունք, եւ սրբության սրբոցի պես դա պահվում է՝ բացառելով, որ դատարանը կարող է սխալված լինի»,- ասում է Մեջլումյանը։ Նրա խոսքով, կան 200 տարեկան դատարանների դատավորներ, որոնք ընդունում են սխալները, ներողություն են խնդրում։ Եվ դատական ակտեր են բեկանվում։
Դատաքննությունը մտնում է եզրափակիչ փուլ։ Դեկտեմբերի 12-ին Պողոսյանի շահերի ներկայացուցիչը հանդես կգա հայտարարությամբ։