2024 թ. դեկտեմբերի առաջին 15 օրվա կատարողականները ԱՆ–ը մասնակի է փոխհատուցել. այն «սպառնում է» ստուգումներով
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի փաստաթուղթ, որն առողջապահության նախարարությունը հասցեագրել է տաբեր բուժկենտրոնների տնօրեններին, և այն վերաբերում է 2024 թվականի դեկտեմբերի 1-15-ի կատարողականի պետական պատվերով ֆինանսավորմանը։
«Այսօր 2025թվականի մարտի 17-ն է, իսկ առողջապահության նախարարությունում դեռ 2024 թվականի տարեվերջյան տրամադրություններ են, ասել կուզեմ, որ նրանք դեռ նոր են անդրադառնում բժշկական կենտրոնների 2024 թվականի դեկտեմբերի 1-15-ի կատարողականի պետական պատվերով ֆինանսավորմանը (իսկ գուցե՞ շնորհակալություն հայտնենք, որ, օրինակ, օգոստոսին չեն անդրադարձել )», – գրել է նա։ Փաստաթուղթը ներկայացնում ենք ստորև։
Նրանք համեմատել են ԲԿ-ների դեկտեմբերի 1-15-ի կատարած աշխատանքի ծավալը 2024 թվականի անցած ամիսների միջին կատարողականի հետ և որոշել, որ եթե բժշկական կազմակերպությունը դեկտեմբերին տարեկան միջինից 10%-ից ավելի ծառայություն է մատուցել, ապա նրանց պետք է ներառել 2025 թ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ մեջ:
Այսպիսի «հրաշք» գործիք երևի չկա որևէ պետության մեջ, սա ուղիղ պատժիչ մահակ է պետական պատվեր մատուցողների գլխին», – մեկնաբանել է Ծաղիկ Վարդանյանը։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պարզաբանեց, որ առողջապահության ոլորտում ֆինանսական տարին ավարտվում է դեկտեմբերի 15–ին, և բուժհիմնարկները ավարտվող տարում կատարողական են ներկայացնում դեկտեմբերի առաջին 15 օրվա համար, որի փոխհատուցումը ստանում են մինչև տարվա վերջ, իսկ ամսվա երկրորդ կեսի համար ֆինանսավորումը կատարվում է արդեն հաջորդ տարի։ Սակայն շատ բուժհիմնարկներ մինչ օրս այդ 15 օրվա համար փոխհատուցում առհասարակ չեն ստացել , որոշները ստացել են մասնակի, կան նաև «սիրելի» բուժկենտրոններ, որոնք ստացել են գումարն ամբողջությամբ։
Մասնագետը պարզաբանեց, որ խոսքն այն դեպքերի մասին չէ, որոնց ֆինանսավորումը պետությունը մերժել է։ Խոսքը կատարողականների մասին է, որոնք պետությունը յուրաքանչյուր դեպքի մասով հատ առ հատ հաստատել է, բայց այժմ կրկին հիմնավորումներ է պահանջում, «սպառնալով» ստուգումներով։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարությունը ֆինանսների խնդիր ունի, և փորձում է նվազեցնել ԲԿ–ներին վճարվող գումարի չափը։ Մինչդեռ, ինչպես պարզաբանեց մասնագետը, այդ կատարողականների հիման վրա չստացված գումարները ԲԿ–ների համար արդեն դիտվում են որպես եկամուտ՝ համապատասխան հարկային պարտավորություններով։ Կան բուժկենտրոններ, որոնց նախարարությունը 70-80 մլն դրամ գումար է պարտք։
Ծաղիկ Վարդանյանի կարծիքով, սա հետևանք է նախորդ տարի հապճեպ ներդրված բաց օֆերտայի պայմանագրի, որի համաձայն բուժկենտրոնների համար չի սահմանվում պետպատվերի ֆիքսված չափ, և նրանք ֆինանսավորվում են ըստ կատարողականների։ Բայց քանի որ չեն կատարվել ակտուարական հաշվարկներ, չի գնահատվել, թե դիմելիությունը ինչքան կարող է աճել, նախարարությունը չի կարողացել «տեղավորվել» իրեն հատկացված բյուջեի մեջ, և դեռ 2024 թվականի ընթացքում կրկին փորձել է սահմանափակող մեխանիզմներ կիրառել, օրինակ, բուժկենտրոններին առաջարկել է առաջնորդվել 2023 թվականի սահմանափակ բյուջեի սահմնանաչափերով։ Իսկ ահա դեկտեմբերի 15 օրվա համար ավելի օրիգինալ բանաձև են մտածել. այն է, թե միջին ամսական տվյալից 10 տոկոսից ավելի շեղումը ստուգման հիմք է, մոռանալով, որ առողջապահության նախարարությունը ստուգող մարմին չէ։ Այս պարագայում այն պայմանագրի կողմ է։
Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ նախորդ 11 ամիսների միջին ամսական կատարողականը չի կարող լինել ուղենիշային ցուցանիշ դեկտեմբերի համար։ Դեկտեմբեր ամիսը կարելի է համեմատել միայն նախորդ դեկտեմբերների հետ, քանի որ տարվա վերջին ամիսներին մյուս ամիսների հետ համեմատած դիմելիությունը բուժկենտրոններ ավելի բարձր է, ինչը պայմանավորված է վիրուսների սեզոնով, որոշ ոլորտներում, օրինակ, գյուղատնտեսությունում, սեզոնային աշխատանքների ավարտով և այլ հանգամանքներով։ Բայց խնդիրն այն է, որ քանի որ ԱՆ-ը ֆինանսավորման մեխանիզմ է փոխել, ապա 2024 թվականի որևէ ցուցանիշ անցած տարիների հետ այլևս չի կարելի համեմատել:
Ծաղիկ Վարդանյանը նաև հիշեցրեց, որ քանի որ նախկինում պետպատվերը բուժկենտրոններում տեղադրվում էր «Գնումների մասին» օրենքի հիման վրա, ապա ամբողջ տեղեկատվությունը հասանելի էր գնումների կայքում։ Այժմ ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել տեղեկատվություն, թե որ բուժկենտրոնը որքան պետական ֆինանսավորում է ստացել։
Մասնագետը կարծում է, որ այս ամենի արդյունքում կրկին տուժելու է ՀՀ քաղաքացին. Բուժկենտրոնները ամեն ինչ անելու են պացիենտներին պետպատվերով չսպասարկելու, և նրանց միայն վճարովի ծառայություններ մատուցելու համար։