2021թ. առաջին ինը ամիսներին Լոռու մարզում արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված 17 հանցագործություն․ դատախազություն
ՀՀ Լոռու մարզում անչափահասների շրջանում հանցավոր իրավախախտումների կանխարգելման, դրանք ծնող պատճառների ու պայմանների վերացման ուղղությամբ դատախազական գործառույթների իրացման արդյունավետությունը գնահատելու նպատակով ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել են այս տարվա առաջին 9 ամիսներին կատարված աշխատանքները և վերլուծվել են անչափահասների հանցավորության հիմնական միտումները: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ 2021թ. առաջին ինը ամիսների ընթացքում Լոռու մարզում արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված 17 հանցագործության դեպք: 2020թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 38 անչափահասի կողմից կատարված 34 հանցագործություն: Այսինքն կրկնակի նվազել են ինչպես կատարված հանցավոր իրավախախտումների դեպքերը, այնպես էլ այդպիսիք կատարող անչափահասների թիվը:
Նվազումը կրում է ոչ միայն քանակական, այլ նաև որակական բնույթ՝ հաշվի առնելով, որ եթե 2020թ. ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված ծանր (առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու) հանցագործության 4 դեպք, ապա 2021թ.՝ անչափահասների կողմից ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր չեն արձանագրվել:
Բացի այդ, եթե 2020թ. զգալի են եղել նաև անչափահասների կողմից միջին ծանրության հանցագործություններ կատարելու դեպքերը, որում մեծամասնություն է կազմել խմբով պահեստարաններ ու շինություններ ապօրինի մուտք գործելով կատարված գողությունները, ապա ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների ընթացքում անչափահասների կողմից խմբով և ապօրինի մուտք գործելով հանցագործությունների դեպքեր չեն գրանցվել:
Լոռու մարզում անչափահասների կողմից կամ նրանց ներգրավմամբ կատարված հանցագործությունների նվազման այս էական ցուցանիշները մեծապես պայմանավորված են իրավասու մարմինների կողմից վերջին շրջանում կատարված նախականխիչ միջոցառումներով, այդ ուղղությամբ աշխատանքներն առավել համակարգված, ներդաշնակ ու հետևողական դարձնելու համար մարզի դատախազության նախաձեռնությունները, անչափահասների հետ անմիջական հաղորդակցության, բացատրական-ուսուցողական աշխատանքներում դատախազների ուղղակի ներգրավվածությունը:
Մասնավորապես, անցնող տարվա ընթացքում մարզի դատախազության դատախազներն այցելել են Բազում գյուղի միջնակարգ դպրոց, Ալավերդի քաղաքի թիվ 12-րդ և Վանաձորի թիվ 16 և թիվ 27 հիմնական դպրոցներ, Վանաձորի «էվրիկա» հատուկ դպրոց, որտեղ հանդիպումներ են ունեցել բարձր դասարանների աշակերտների հետ:
Դատախազներն աշակերտներին ներկայացրել են անչափահասներին բնորոշ մի շարք հանցատեսակների և զանցատեսակների դեմ տարվող պայքարի միջոցները: Անդրադարձ է կատարվել դանակ կամ առողջությանը վնաս պատճառող այլ առարկաներ, ապօրինի կերպով զենքեր կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անձի կյանքի և առողջության, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված քրեական պատասխանատվությանը:
Դպրոցների տնօրինությանն ու մանկավարժներին առաջարկվել է շեղվող վարքագիծ դրսևորած, դասընթացներից պարբերաբար և առանց հարգելի պատճառների բացակայող աշակերտների նկատմամբ սահմանել առավել հսկողություն և անչափահասի վարքագծում բացասական դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ակտիվ համագործակցել Լոռու մարզպետարանի, իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցների հետ:
Չնայած ձեռնարկվող միջոցառումներին՝ անչափահասներին վերաբերող քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունից հետում է, որ մարզում երիտասարդների, հատկապես անչափահասների մոտ դեռևս պահպանվում է սառը զենք կրելու արատավոր սովորույթը, որի պայմաններում շարունակում է մեծ մնալ չնչին պատճառով վիճաբանության արդյունքում ծանր հետևանքների առաջավման հավանականությունը:
Հաշվի առնելով այս հանգամանքները, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների հիման վրա ՏԻՄ-երի, ուսհաստատությունների, իրավապահ մարմինների և մարզպետարանի միջև փոխհամագործակցված աշխատանքը, պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումները շարունակելու, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանության, վերջինների կողմից նման իրավիճակներում հայտնվելը կանխարգելելու ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկելու, հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության մշակման գործուն ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը գրություններ է հասցեագրել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և Լոռու մարզպետին՝ ըստ իրենց իրավասությունների, նշված ուղություններով միջոցառումների արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով: