2020-ը կարող է Արցախում պատերազմի բռնկման տարի դառնալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ամփոփելով տարին, հայտարարել է՝ 2019 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։
«Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը», – լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է Ադրբեջանի ղեկավարը:
Նա նաև հավելել է, թե Հայաստանի ղեկավարության «հակասական և անպատեհ» հայտարարությունները ևս բացասաբար են անդրադարձել բանակցային գործընթացի վրա: «Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», – ասել է Իլհամ Ալիևը՝ եզրափակելով. – «2019 թվականին բանակցությունների ձևաչափը
մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։
Այսպես, Ալիևը Հայաստանի ղեկավարությանը մեղադրում է հակասական և իրար բացառող հայտարարություններ անելու մեջ, և ներկայացնում, որ հիասթափված է Փաշինյանի իշխանությունից: Ալիևը նշել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը սկզբում պահանջում էր, որ Ադրբեջանը բանակցություններ վարի ոչ թե Երևանի, այլ ԼՂ հայերի հետ, ինչը կտրականապես մերժվել է: Նրա խոսքով՝ դրան աջակցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, և բանակցությունները, նախկինի պես, ընթացել են Երևանի և Բաքվի միջև:
Դրանից հետո, Ալիևի խոսքով, Հայաստանն առաջ է քաշել նոր թեզ՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչը նույնպես մերժել են և՛ միջազգային միջնորդները, և՛ Ադրբեջանը: «Մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է. հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, ինչը ընդունվում և աջակցություն է ստանում միջազգային հանրության կողմից»,- ասել է Ալիևը:
2020 թվական, փաստորեն, Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են ղարաբաղյան կարգավորման գործընթացում խորը հակասություններով: Ալիևը փորձում է հայկական կողմի վրա բարդել բանակցությունները վիժեցնելու մեղքը:
Մյուս կողմից նա ներկայացնում է Բաքվի դիրքորոշումը՝ ցույց տալով, որ համաձայն չէ, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին, և բացի այդ, հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ալիևի դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների համար շահեկան է, քանի որ այն ի ցույց է դնում Ալիևի՝ ոչինչ չզիջելու քաղաքականությանը: Հենց այս պատճառով ՀՀ իշխանությունը պետք է ոչ մի րոպե չթուլացնի Արցախի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի կազմում Արցախի անհնարինության դիրքորոշման ներկայացումը ողջ միջազգային հանրությանը:
Դա ապացուցելու բազմաթիվ փաստեր կան, պարզապես պետք է կարողանալ դրանք օգտագործել ի շահ հայկական կողմի դիրքորոշման:
Այս մթնոլորտում չի կարելի բացառել, որ 2020-ը կարող է Արցախում պատերազմի բռնկման տարի դառնալ՝ հաշվի առնելով կողմերի մոտ հակադիր տրամադրությունները