2018-ի մայիսի համեմատ 2019-ի նոյեմբերի դրությամբ ՀՀ-ում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել 81 534 աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան
2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«2019 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ այդ թիվը 74 հազար 969 աշխատատեղ էր:
Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 6 հազար 565 աշխատատեղ:
Բայց շատ հետաքրքիր է հոկտեմբերի 74 հազար 969-ի եւ նոյեմբերի 81 հազար 534-ի բաշխվածությունը ըստ եկամտային հարկի սանդղակի, այսինքն՝ ըստ աշխատավարձի:
Հոկտեմբերի 74 հազար 969-ի աշխատատեղերի բաշխվածությունը հետեւյալն էր. 30.4 տոկոսը կամ 22 հազար 810 աշխատատեղ գտնվել է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 68.9 տոկոսը կամ 51 հազար 723 աշխատատեղ՝ 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.5 տոկոսը կամ 423 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում:
Նոյեմբերի 81 հազար 534 նոր աշխատատեղերի բաշխվածությունը հետեւյալն է. 28.5 տոկոսը կամ 23 հազար 250 աշխատատեղ գտնվում է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 70.8 տոկոսը կամ 57 հազար 736 աշխատատեղ գտնվում է 150 հազար դրամից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.6 տոկոսը կամ 548 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում:
Ինչպես տեսնում եք, նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային եւ դրական տրանսֆորմացիայի մասին: Կասկած չունեմ, որ այս սեգմենտի աշխատատեղերի մի զգալի հատվածը վերաբերվում է IT ոլորտին:Հ.Գ. Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նոր ի հայտ եկող աշխատատեղերը ունեն որոշակի սեզոնային գործոն: Օրինակ՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ դրանք մոտ 3 հազարով անկում էին ապրել: Բայց սա չի ազդում ընդհանուր դինամիկայի վրա, որը մենք հաշվարկում ենք 2018 թվականի մայիսից, այսինքն՝ հեղափոխության հաղթանակից: Հայաստանում, ինչպես տեսնում եք, ահռելի թվով նոր աշխատատեղեր են ի հայտ եկել եւ այս գործընթացը շարունակվելու է»: