<<168 ժամ>>. Ի՞նչ անելիք ունի Աննա Հակոբյանը դիրքերում. բացի յուր պայծառափայլ փիառից (PR), ո՞րն էր իմաստն այդ այցի
Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել էր ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, շրջել դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Նոյեմբերի 28-ին «Teach for Armenia. Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ Հակոբյանը պատրաստվում է այցելել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ, իսկ այցի շրջանակում՝ դարձյալ մարտական դիրքեր:168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ նման այցերն անվտանգային տեսանկյունից իրենց մեջ ռիսկեր են պարունակում:
«Գիտենք, որ հակառակորդը նախկինում էլ հաճախակի սադրանքներ է կազմակերպել այն ուղղությամբ, որտեղ այցելություններ են կազմակերպվել բարձրաստիճան անձանց կողմից։ Հետևաբար՝ ցանկալի է խուսափել ավելորդ անգամ հակառակորդի ուշադրության թիրախավորումից, եթե այցի համար չկա ծայրահեղ անհրաժեշտություն»,- շեշտեց նա:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հարցադրում արեց՝ ի՞նչ անելիք ունի Աննա Հակոբյանը դիրքերում։
«Ի՞նչ կարևոր անելիք էր անցած օրը, որ անպայման պիտի մեկ օպերատոր, մեկ լուսանկարիչ էլ հետը գնային։ Չեմ զարմանա, եթե պարզվի՝ վիզաժիստին ու վարսավիրին էլ է հետը տարել։ Բացի յուր պայծառափայլ փիառից (PR)՝ ո՞րն էր իմաստն այդ այցի»,- ասաց Վրթանեսյանը:
Ինքը՝ Աննա Հակոբյանը, իր դիրքային այցերի հետ կապված մեկնաբանություններին զավեշտալի պատասխան-գրառում է կատարել.
«Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր» կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որևէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։ Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, և իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների և տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որևէ կուրորտային երկիր հանգստանալու՝ ընկերուհիներիս հետ»:
Պարզապես հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նույն Աննա Հակոբյանը, անդրադառնալով Արցախի խնդրին, հայտարարել էր, որ իր խաղաղության արշավի նպատակն է՝ զինվորներին չզոհաբերել՝ հանուն ոչինչի:
«Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ: Մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչինչի, որովհետև այդ զոհերը ոչ մի սանտիմետր անգամ մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք՝ հեռացրել են»,- ասել էր նա:
Մինչդեռ մենք հրադադարի այս տարիներին միշտ ասել ենք, որ հայ զինվորը, հայկական ուժերը փորձել են և փորձում են թշնամուն խաղաղություն պարտադրել և պահպանել Արցախի սահմանադրության մեջ ամրագրված ազատագրված տարածքների անվտանգությունը: Սա այն «ոչինչն» է, որի համար, ցավոք, զոհեր ենք ունենում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: