<<Բայդենի վարչակազմի կողմից Խաշոգջիի վերաբերյալ զեկույցի հրապարակումը, որտեղ նրա սպանության համար մեղադրվում է սաուդյան գահաժառանգը, անխոհեմ քայլ էր>>․ Պոմպեո

Նախորդ շաբաթ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը զեկույց էր հրապարակել, որի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը 2018 թվականին անձամբ է հավանություն տվել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը։ Այս կապակցությամբ երկրի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն դատապարտել է Բայդենի վարչակազմին՝ նրանց քայլը որակելով «անխոհեմ», գրում է The Hill-ը։

Նախօրեին Fox News հեռուստաալիքի եթերում Պոմպեոն պնդել է, որ զեկույցի հրապարակումն ունեցել է «քաղաքական» դրդապատճառներ և միտված է եղել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վատթարացմանը։

«Այս զեկույցի հրապարակումն անխոհեմ քայլ էր։ Դա քաղաքական նպատակ էր հետապնդում։ Այն ուղղված էր Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին վնաս հասցնելուն, քայլ, որին ես՝ որպես ԿՀՎ-ի նախկին տնօրեն, երբեք չէի աջակցի։ Ցավում եմ, որ այս վարչակազմը ցանկանում է Իրանի հետ զարգացնել իր հարաբերություններն, բայց վատթարացնել իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ»,- ասել Է Պոմպեոն։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հրապարակած զեկույցում ասվում էր․«Մեր գնահատականներով՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հավանություն է տվել Ստամբուլում լրագրող Ջամալ Խաշոգջիի ձերբակալման կամ սպանության գործողությանը»։

Ամերիկյան հետախուզությունը ենթադրում է՝ նման գործողություններ չէին կարող ձեռնարկվել առանց նրա հավանության։

«Գահաժառանգ արքայազնը Խաշոգջիին դիտարկել է որպես թագավորության համար սպառնալիք և նրան լռեցնելու համար բռնի միջոցներ է կիրառել», – ասված էր զեկույցում:

Ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )