Օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք մարդիկ սխալ են օգտագործում
Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա ընդհանուր առողջական վիճակի ու լավ ինքնազգացողության համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով ու խուսափել վնասակար սննդամթերքի տեսակներից։ Այնուամենայնիվ քչերին է հայտնի, որ գոյություն ունեն օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք մարդիկ սխալ են կիրառում, ինչի հետևանքով էլ չեն ստանում դրանցում պարունակվող բոլոր օգտակար տարրերը։
Մասնագետները ներկայացրել են 5 տարածված ու անչափ օգտակար մթերք, որոնք մարդիկ որպես կանոն սխալ են օգտագործում։
Սխտոր
Սխտորը ոչ միայն ուտեստին յուրակատուկ համ ու բույր հաղորդող մթերք է, այլև անչափ օգտակար բանջարեղեն, սակայն շատ հաճախ մարդիկ այն սխալ են կիրառում։ Մինչ մանրացրած սխտորն ուտեստին ավելացնելը մասնագետները խորհուրդ են տալիս սպասել մոտ 10 րոպե, քանի որ այդ դեպքում մթերքը կլինի և՛ ավելի օգտակար, և՛ ավելի համեղ։
Լոլիկ
Լոլիկը համարվում է ամենաօգտակար ու առողջարար սննդամթերքի տեսակներից մեկը, սակայն այն կարելի է շատ ավելի օգտակար դարձնել խորովելու կամ ջեռոցում պատրաստելու դեպքում, քանի որ ջերմային մշակման ենթարկված լոլիկն ավելի օգտակար է, քան թարմ լոլիկը։ Բանն այն է, որ լոլիկը հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը բարելավում է օրգանիզմի աշխատանքն ու պաշտպանում է լուրջ հիվանդություններից։ Սակայն այս տարրի քանակությունը շատ ավելի բարձր է լինում Ցելսիուսի սանդղակով 90 աստիճանի պայմաններում ջերմային մշակման ենթարկված լոլիկի մեջ։
Ելակ
Ելակը նույնպես դասվում է շատ օգտակար սննդամթերքի տեսակների շարքին, սակայն այն ևս հաճախ սխալ է կիրառվում։ Բանն այն է, որ մարդիկ սովորաբար անմիջապես լվանում են ելակն ու հեռացնում են սննդի համար ոչ պիտանի կանաչ հատվածները, սակայն մթերքում պարունակվում վիտամին C չափազանց զգայուն է թթվածնի ու լույսի նկատմամբ, ուստի որքան երկար են հատապտուղները մնում լվացված ու մաքրված վիճակում, այնքան քիչ վիտամին C են դրանք պարունակում։ Նման դեպքերում ցանկալի է լվանալ միայն մի քանի հատապտուղ և անմիջապես ուտել դրանք՝ մթերքի մյուս մասը պահելով չմաքրված վիճակում։
Յոգուրտ
Բնական յոգուրտի տուփը բացելուց հետո մարդիկ սովորաբար ազատվում են դրա մակերևույթին կուտակված հեղուկից, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նաև այդ շիճուկը, քանի որ դրանում պարունակվում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, կալցիում, վիտամիններ ու օրգանիզմի համար կարևոր այլ տարրեր։ Պարզապես հարկավոր է լավ խառնել յոգուրտը, որից հետո օգտագործել ստացված համասեռ զանգվածը։
Կտավատի սերմեր
Վերջին շրջանում հաճախ է խոսվում այս սերմերի առողջարարության ու օրգանիզմի վրա դրանց ունեցած դրական ազդեցության մասին, սակայն շատ հաճախ մարդիկ դրանք սխալ են կիրառում, ինչի հետևանքով սերմերը ճիշտ չեն յուրացվում։ Բանն այն է, որ կտավատի սերմերը հարկավոր է սննդի մեջ օգտագործել բացառապես աղացած վիճակում, որպեսզի դրանք ամբողջությամբ յուրացվեն։ Հակառակ դեպքում դրանց օգուտը չափազանց փոքր կլինի։
