Փոխադարձ շահը պետք է ապահովի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկարաժամկետ իրականացումը․ Միրզոյան

Փոխադարձ շահը պետք է ապահովի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկարաժամկետ կատարումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Խաղաղության քվիզ. զրույց ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովի ընթացքում։

Նրա խոսքով, պայմանավորվածությունների կատարումը կարևորագույն հարցերից է։ Մինչ խաղաղության պայմանագրի և վաշինգտոնյան հռչակագրի ու ստորագրված և վավերացված մյուս փաստաթղթերի տեքստի հրապարակումը, դրանց շուրջ կառուցվում են դավադրապաշտական գաղափարներ, մանիպուլյացիաներ, հաճախ միտումնավոր, ներքաղաքական նպատակներով, կամ արտասահմանյան կենտրոններից՝ խաղաղ գործընթացին խոչընդոտելու համար։ Գործընթացի որոշակի պահին, երբ մարդիկ կարող են պարզապես կարդալ, ամեն ինչ գոլորշիանում է և մնում է հարցը՝ ո՞րն է երաշխիքը, որ ամեն ինչ կգործի։

«Կա հստակ երաշխիք և դա երրորդ երկրի մասնակցությունը կամ երրորդ երկրների ստորագրությունները չեն, ոչ էլ խաղաղապահներն ու առաքելությունները. երաշխիքն այն է, որ այն, ինչ արդեն համաձայնեցված է և կհամաձայնեցվի, շահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ տարածաշրջանի մյուս երկրների համար։ Փոխադարձ շահը պետք է ապահովի ստորագրված խաղաղության պայմանագրի և սահմանների շուրջ համաձայնագրի երկարաժամկետ կատարումը։ Հայաստանը շահագրգիռ չէ խախտում կատարել, Ադրբեջանը չպետք է շահագրգիռ լինի, Թուրքիան չպետք է շահագրգիռ լինի խախտում կատարելու մեջ», – հայտարարել է Միրզոյանը

Խաղաղությունը թույլ է տալիս էապես բարձրացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությունը և թույլ չի տա, որ երրորդ երկրները հակամարտությունը որպես ճնշման լծակ օգտագործեն, շեշտել է նախարարը՝ հավելելով, որ ասվածը չպետք է շփոթել երկրների փոխադարձ կապերի հետ, քանի որ աշխարհում չկա բացարձակապես ոչ մի երկրից կախվածություն չունեցող երկիր։

Share This