Փետրվարին ՀՀ–ն մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վրա
Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում փետրվարին հանդիպում կազմակերպելու վրա Հայաստանը մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել։ Այս մասին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ինչպես հայտնի է, Հայաստանում փետրվարի 13-14-ը անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
«Փետրվարի 13-ին և 14-ին կայացած Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ֆինանսավորումն իրականացվել է պետական միջոցների հաշվին: Ֆինանսավորումը կազմում է մոտ 14469000 դրամ», – նշված է Անվտանգության խորհրդի գրավոր պատասխանում։
Sputnik Արմենիան խնդրել էր ԱԽ գրասենյակին տրամադրել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում անցկացված բոլոր միջոցառումների ընդհանուր արժեքը, սակայն մեզ տրամադրվել է միայն փետրվարին կայացած միջոցառման արժեքը։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել առաջին երկկողմ կլոր սեղանը, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել՝ կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։ Ի դեպ, Բաքվում կլոր սեղանին հայ փորձագետների մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվել էր 17 մլն 550 000 դրամ։
