Փաշինյանի երևակայական մտասևեռումները իրականությանը մոտ լինելու հավանականություն չունեն. Տեր Եսայի

Երեկ ՔՊ կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց․ «Ես թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը և ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելու նպատակը որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը իր խոսքում նաև սպառնաց երեկ և նշեց, որ եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն։

Այս թեմայի առնչությամբ 24News-ը դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանին՝ խնդրելով անդրադառնալ վերոնշյալ հարցին, որին ի պատասխան՝ Տեր Եսայի քահանան ասաց․

«Կառավարության ղեկավարի երևակայական մտասևեռումները, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Հայաստանից տեղափոխելու ծրագիր կա, նույնիսկ անդադար կրկնելու պարագայում իրականությանը մոտ լինելու որևէ հավանականություն չունեն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հիմնադրումը, աշխարհասփյուռ պատմական առաքելությունը և հավերժության ընթացքը այստեղ է` հայրենիքի սրտում, Սուրբ Էջմիածնում»,- ասաց Տեր Եսային։

Share This