Ցավ և կոշտացումներ կրծքագեղձերում. երբ է պետք զգուշանալ
Շատ կանանց մոտ կրծքագեղձերը սկսում են ցավալ դաշտանից առաջ, և դա ընկալվում է որպես նորմալ երևույթ։ Հաճախ անհարմարությունը վերագրում ենք սթրեսին, մրսելուն կամ անհարմար կրծկալին։ Բայց երբեմն ցավը կարող է լինել հիվանդության հետևանք, որի հետ բախվում է մինչև 80% կանանց՝ մաստոպատիայի։ Ինչպե՞ս ճանաչել այն վաղ փուլերում և ի՞նչ է կարևոր իմանալ։ Պատասխանում է ուռուցքաբան և մամոլոգ՝ Անաստասիա Ստրիգունովան։
Ի՞նչ է մաստոպատիան
Սա կրծքագեղձի հյուսվածքների հավասարակշռության խախտում է։ Որոշ հատվածներ կոշտանում են, մյուսները՝ փափկում, առաջանում են կիստաներ։ Ամենատարածված պատճառը հորմոնալ խանգարումն է։
Կրծքագեղձերը դառնում են ծանր, զգայուն, առաջանում են ցավեր, կոշտացումներ, երբեմն՝ արտազատումներ կրծքից։
Ինչու՞ է դա տեղի ունենում
Հիմնական պատճառը՝ հորմոնալ անհավասարակշռություն, հատկապես՝ էստրոգենի ավելցուկ։ Բայց կան նաև այլ գործոններ.
- քրոնիկ սթրես
- վահանաձև գեղձի, մարսողական համակարգի, փոքր կոնքի օրգանների հիվանդություններ
- հղիության ընդհատում
- ծննդաբերության բացակայություն մինչև 35 տարեկանը
- սխալ սնունդ
- նստակյաց կենսակերպ և ավելորդ քաշ
- ծխախոտ և ալկոհոլ
- ժառանգականություն
- վաղ դաշտան
- որոշ դեղերի ընդունում առանց բժշկի վերահսկողության
- անբարենպաստ էկոլոգիա
Ինչպե՞ս ճանաչել մաստոպատիան
Յուրաքանչյուր կնոջ մոտ մաստոպատիան կարող է տարբեր կերպ արտահայտվել, բայց կան նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝
- ցավ, ծանրություն կամ ծակծկոց կրծքագեղձերում, հատկապես դաշտանից առաջ
- կրծքագեղձերի զգայունություն, այտուցվածություն
- արտազատումներ կրծքերից
- կոշտացումներ, հանգույցներ կամ գոյացություններ
- մեծացած ավշային հանգույցներ թևատակերում
Ցավը միշտ չէ, որ վտանգավոր է, բայց այն անտեսել պետք չէ։ Ավելի լավ է անցնել հետազոտություն և վստահ լինել, որ ամեն ինչ վերահսկվում է։
Ինչ անել, եթե կասկածում եք մաստոպատիա
Կրծքագեղձերը շատ են կախված հորմոններից։ Եթե ցավը չի անցնում դաշտանից հետո, դիմեք մամոլոգի կամ ուռուցքաբանի։
Բժիշկը կանցկացնի զննում և անհրաժեշտության դեպքում կուղղորդի լրացուցիչ հետազոտությունների՝ ուլտրաձայնային հետազոտություն կամ մամոգրաֆիա։ Եթե կասկածներ լինեն, հնարավոր է՝ պահանջվի նաև ախտորոշիչ մամոգրաֆիա։
Ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ։ Նույնիսկ սովորական վիտամինները կարող են խախտել հորմոնալ հավասարակշռությունը։ Միայն բժիշկը կարող է ընտրել համապատասխան բուժում։
Կարելի՞ է բուժել մաստոպատիան
Այո, բայց բուժումը պետք է լինի համալիր և անհատականացված։ Պետք է հաշվի առնել՝ հորմոնալ վիճակը, ուղեկցող հիվանդությունները, կենսակերպը, սնունդը, սթրեսը։ Հաճախ անհրաժեշտ է մի քանի մասնագետի խորհրդատվություն՝ մամոլոգ, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, հոգեթերապևտ։
Ինչը կօգնի բուժման և կանխարգելման մեջ
Հրաժարվեք վնասակար սովորություններից
Ծխախոտը և ալկոհոլը խանգարում են հորմոնների ճիշտ աշխատանքը։ Սիգարետի թունավոր ծուխը կարող է խաթարել արյան շրջանառությունը և թուլացնել իմունային համակարգը, իսկ ալկոհոլը դանդաղեցնում է ավելորդ հորմոնների դուրսբերումը լյարդի միջոցով։ Որքան շուտ հրաժարվեք այս սովորություններից, այնքան լավ կլինի կրծքագեղձերի առողջության համար։
Եթե միանգամից հրաժարվելն անհնար է, կարելի է սկսել քանակի և հաճախության նվազեցումից։ Պետք է բացառել առողջությանը վնասող հիմնական բաղադրիչները՝ ծուխն ու խեժը։ Ալկոհոլը կարելի է փոխարինել ոչ ալկոհոլային կոկտեյլներով կամ բուսական ըմպելիքներով։
Կրծքագեղձերի առողջության համար լավագույն ընտրությունը՝ լիարժեք հրաժարում ալկոհոլից և ծխելուց։ Յուրաքանչյուր փոքրիկ փոփոխություն ներդրում է ուժի, երիտասարդության և կանացի առողջության մեջ։
Սնվեք հավասարակշռված
Ձեր սննդակարգը պետք է ներառի՝
մանրաթելերով հարուստ մթերքներ (բանջարեղեն, մրգեր, ամբողջական հացահատիկներ)
հակաօքսիդանտներ (կանաչ բանջարեղեն, հատապտուղներ, ընկույզներ)
վիտամիններ՝ հատկապես B խմբի, ինչպես նաև A, C, E և D
Սրանք օգնում են կարգավորել հորմոնալ ֆոնը և պահպանել իմունիտետը։
Հետևեք քաշին և մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին
Ավելորդ քաշը բարձրացնում է էստրոգենի քանակը, քանի որ այն սինթեզվում է ճարպային հյուսվածքներում։ Չափավոր և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը (քայլք, յոգա, լող) նպաստում է հորմոնալ հավասարակշռությանը։
Ավելի շատ քնեք
Քնի ընթացքում վերականգնվում է հորմոնալ համակարգը։ Քնի պակասը կարող է խաթարել հորմոնների՝ այդ թվում էստրոգենի և պրոլակտինի արտադրությունը։
Նվազեցրեք սթրեսը
Քրոնիկ լարվածությունը ազդում է հորմոնների վրա և սրում մաստոպատիայի ընթացքը։ Օգտակար են շնչառական վարժությունները, հոբբիները, զբոսանքները և հոգեբանի հետ աշխատանքը։
Ծննդաբերեք մինչև 35 տարեկանը
Հղիությունն ու կրծքով կերակրումը բարենպաստ ազդեցություն ունեն կրծքագեղձերի հյուսվածքների վրա։ Դա հորմոնալ համակարգի բնական «վերաբեռնման» միջոց է։
Ժամանակին բուժեք բոլոր հիվանդությունները
Հատկապես կարևոր է հետևել վահանաձև գեղձի, փոքր կոնքի օրգանների և մարսողական համակարգի վիճակին, քանի որ դրանց խանգարումները նույնպես կարող են ազդել հորմոնների մակարդակի վրա։
Ընտրեք հարմարավետ ներքնազգեստ
Նախընտրեք բնական կտորներից պատրաստված կրծկալներ՝ փափուկ աջակցությամբ և լայն բրետելներով։ Սա կօգնի նվազեցնել ճնշումը կրծքագեղձերի վրա։
Արեվայրուք ընդունեք չափավոր
Սոլյարիումի, սաունայի և տաք աղբյուրների հաճախումը կարող է ուժեղացնել հյուսվածքների այտուցվածությունը և խթանել կիստաների ու կոշտացումների աճը։ Ավելի լավ է հրաժարվել նման պրոցեդուրաներից կամ խիստ սահմանափակել։
Կատարեք ինքնազննում
Ամսական մեկ անգամ շոշափեք կրծքագեղձերը՝ ցիկլի 6-12-րդ օրը, երբ հյուսվածքները առավել փափուկ են։ Սա կօգնի վաղ փուլում նկատել փոփոխությունները և ժամանակին դիմել բժշկի։
Եզրակացություն
Ճիշտ և ժամանակին բուժման դեպքում մաստոպատիան ունի բարենպաստ կանխատեսում։ Բայց նույնիսկ բողոքների բացակայության դեպքում կարևոր է այցելել մամոլոգի՝ կես տարին մեկ անգամ և անցնել սկրինինգային հետազոտություններ։ Մի անտեսեք ձեր մարմնի ազդանշանները, հոգ տարեք ձեր մասին և ժամանակին դիմեք օգնության։
