Տղամարդը կազմակերպությունից գողացել է 44 մլն դոլար եւ ծախսել դրանք հյուրանոցների, լիմուզինների եւ ոսկերչական զարդերի վրա

Տղամարդը, որը մեղադրվում է ոչ առեւտրային կազմակերպությունից 44 մլն դոլար գողանալու մեջ ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում, մեղավոր է ճանաչվել ֆինանսական հանցագործություններում, որոնք ցնցել են կազմակերպությանը եւ հանգեցրել գետի ափին իրականացվող խոշոր նախագծի հետաձգմանը, գրել է Associated Press-ը։

Երկար տարիներ Ուիլյամ Սմիթը տնօրինել է Detroit Riverfront Conservancy կազմակերության փողերը, որը Դեթրոյթ գետի ափի երկայնքով ընկած կիլոմետրերով տարածքը վերածում է հանգստյան գոտու հրապարակներով, տաղավարներով եւ այգիներով։

52-ամյա Սմիթը ձերբակալվել է հունիսին։ Քննիչները հայտնել են, որ ֆինանսական տնօրենը մշտապես ծախսել է Riverfront Conservancy-ից ստացած փողերը ուղեւորությունների, հյուրանոցների, լիմուզինների, տան համար ապրանքների, հագուստի եւ ոսկերչական զարդերի վրա։

Նա  աշխատում էր անշարժ գույքի ոլորտում, գիշերային ակումբում եւ զբաղվում սիրողական բասկետբոլով։ Սմիթը մեղավոր է ճանաչվել բանկային խարդախության եւ փողերի լվացման մեջ։ Դեթրոյթի դաշնային դատարանում իր ելույթի ժամանակ նա խոստովանել է, որ կազմակերպության վնասները կազմել են առնվազն 44 մլն դոլար։

Նրան կարող է սպառնալ 15 տարվա բանտարկություն, երբ կանգի դատարանի առջեւ մարտին։

Share This