Տավրոս Սափեյանը խոչընդոտել է Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Նռնօրհներքի արարողությունը. Արագածոտնի թեմի հայտարարությունը
«Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի եւ տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։
Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել:
Նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգեւորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և «Նռնօրհնեքի» կարգ են կատարել։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է, որ 2026թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին իր անձը պետք է ներկայացվի, որպես Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ Պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը»,-ասված է հայտարարության մեջ:
