Վրաերթ-ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «Honda»-ն վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի

Այսօր՝ հունվարի 19-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Honda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը առաջ է ընթացել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուսը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

«Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Ալավերդյանը և Էրիկ Սահակյանը։

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետի պարտականությունների կատարող Արամ Ղուկասյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Share This