«Վեհափառի գահակալության օրը՝ Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալեցին»

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ այսօր՝ Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի օրը, ձերբակալվել են կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին։

«Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:

Այսօր քննչական մարմինը 68-ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:

Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:

Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության՝ ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան «Հանրապետություն» կուսակցության նախընտրական հանդիպումը:

Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Share This